Լրահոս

04.02.2010 14:37


Դիմում-առաջարկ վարչապետին և քաղաքաշինության նախարարին

ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին

ՀՀ քաղաքաշինության նախարար
Վ. Վարդանյանին

Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների
արտահերթ հատկացման կարգում փոփոխություններ
 կատարելու

                                                                          Դիմում - առաջարկ

Հարգելի պարոն վարչապետ և պարոն նախարար
Անտարակույս Դուք քաջատեղյակ եք, որ Գյումրիում բնակարանների բաշխման հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից 2009թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու նպատակով հրավիրվել էին Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված առաջին 1200 քաղաքացիները,որոնցից համապատասխան փաստաթղթեր մինչև օրս ներկայացրել են  մոտ 750-ը:

Մեր' Շիրակ կենտրոնե ՀԿ-ն ԲՀԻՕՀՀՄ-ի  ֆինանսավորմամբ իրականացվող «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի'  պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում ուսումնասիրություններ է կատարել, ըստ որոնց արդյունքների' հարյուրավոր անօթևան ընտանիքների կողմից փաստաթղթեր չներկայացնելու պատճառներից մեկն էլ այն է, որ այդ ընտանիքների մեկ կամ մի քանի անդամներ երկար ժամանակով բացակայում են Հայաստանից, նրանցից շատերի անձնագրերի վավերականության ժամկետը վաղուց լրացել է կամ ինչ-ինչ պատճառներով չեն կարող համապատասխան լիազորագրեր ուղարկել, ուստի ՀՀ կառավարության N 432 որոշմամբ պահանջվող փաստաթղթերի փաթեթը նրանք չեն կարող ձևավորել: Եվ այդ պատճառով ծանր կենցաղային ու սոցիալական պայմաններում բնակվող հազարավոր անօթևան ընտանիքներ չեն կարող օգտվել բնակարաններ ստանալու իրավունքից:

Պարոն վարչապետ, պարոն նախարար. աղետի գոտում ավելի քան երկու տասնամյակ բնակարանների սպասող անօթևանների շահերից ելնելով, ինչպես նաև բնակարանների բաշխման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով դիմում ենք Ձեզ և առաջարկում ենք վերանայել ՀՀ կառավարության N 432 որոշմամբ սահմանված' աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը և նրանում կատարել փոփոխություններ: Մասնավորապես' ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող այն անօթևան ընտանիքներին, ովքեր ունեն փաստաթղթերի համալրման խնդիրներ իրենց ընտանիքի անդամների Հայաստանից բացակայելու պատճառով, հնարավորություն ընձեռել օգտվելու իրենց բնակարան ստանալու իրավունքից այն պայմանով, որ բնակարան ստացողը համապատասխան պարտավորագրով ստանձնի բացակայողների նկատմամբ բնակարանային պարտավորություններ նրանց վերադառնալու դեպքում:

Կարծում ենք՝ Դուք ևս մեզ հետ համամիտ կլինեք, որ ՀՀ կառավարությունը պետք է շուտափույթ կերպով անդրադառնա վերը շարադրված հիմնախնդրին և կատարի համապատասխան փոփոխություն բնակարանների բաշխման կարգում:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը