Աշխարհ

12.01.2018 08:55


Ախալքալաքում նույնպես սպասվում է գրիպի համաճարակ

Ախալքալաքում նույնպես սպասվում է գրիպի համաճարակ

Վրաստանում սպասվում է գրիպի համաճարակ, Ախալքալաքում գրիպի վիրուսի տարածման գագաթնակետը սպասվում է հունվարի վերջին:

Ըստ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության վարակիչ հիվանդությունների սպասարկման Ազգային կենտրոնի ղեկավար Խաթունա Զախիշվիլիի, Եվրոպայում գրիպի վիրուսն արդեն էնդեմիկ է, և հնարավոր է շուտով այն հայտնվի Վրաստանում: Վիրուսը հասնում է իր գագաթնակետին ի հայտ գալուց 2-3 շաբաթ հետո: Այդ հիվանդությունը ուղեկցվում է բարձր ջերմությամբ, հազով, կոկորդի ցավով: Այս ախտանիշների դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի:

Ախալքալաքի շրջանի Հասարակական առողջապահության կենտրոնի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի խոսքով, գրիպի տարածումից հնարավոր չէ խուսափել:

«Մեզ մոտ գագաթնակետը միշտ սպասվում է դեկտեմբերի վերջից մինչ հունվարի վերջը, քանի որ Ռուսաստան աշխատելու մեկնած մարդիկ աշխատանքից վերադառնում են, իրենց հետ բերելով գրիպը: Դպրոցականների արձակուրդներն ավարտվում են հունվարի կեսերին: Մինչ օրս գրիպի որևէ կոնկրետ դեպք չի գրանցվել, սակայն արձանագրվել է սուր շնչառական հիվանդություն (ՍՇՀ): Կարելի է ասել, որ շրջանի ընդհանուր վիճակը նորմալ է», – ասում է Հասարակական առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) համաճարակաբան Գայանե Ֆիդանյանը:

2018 թվականի հունվարի 1-ից մինչ 8-ը, 46 հոգի դիմել են Ախալքալաքի շրջանային հիվանդանոց, որոնցից 5-ը` բարձր ջերմությամբ, բայց նրանք չեն ստացել ստացիոնար բուժում և բուժվել են տանը:

2017 թ. հոկտեմբերի 15-ից մինչ դեկտեմբերի 31-ը 1056 մարդ դիմել է շրջանային հիվանդանոց, այդ վիճակագրությունը ներառում է նաև շտապօգնության ծառայության կանչերը: 81 դեպքերից 38-ում դիտվել է ջերմության բարձրացում և սուր շնչառական ախտանիշեր: 54 երեխայի մոտ բացի բարձր ջերմությունից նկատվել է նաև հազ և հևոց, բոլորը ստացիոնար բուժում են ստացել տարբեր քաղաքներում:

Ախալքալաքի Հասարակական առողջապահության կենտրոնում անցկացվել է գրիպի դեմ պատվաստում: Պատվաստանյութն անվճար էր և անցկացվել է միայն բուժաշխատողներին, քրոնիկ հիվանդություններով հիվանդներին, շաքարային դիաբետ ունեցող երեխաներին, հղի կանանց, հեպատիտ C–ով հիվանդներին և դիալեզ ընդունողներին:

Պատվաստվել է մոտ 200 մարդ, որից 165-ը` բուժաշխատողներ են: Ըստ Ֆիդյանյան Գայանեի, կան մարդիկ, ովքեր հրաժարվում են պատվաստվելուց, և դա հաճախ հղիներն են:

Գրիպից պաշտպանվելու համար համաճարակաբանը խորհուրդ է տալիս հաճախակի լվանալ ձեռքերը, խուսափել հիվանդների հետ հաճախակի շփումից և պահպանել հիգիենայի հիմնական կանոնները:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը