Լրահոս

03.02.2010 19:25


ՀԱԿ հայտարարություն

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրության արդյունքները պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից բողոքարկվել է Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը որոշել է սույն հայցի քննարկումը նշանակել մարտի 5-ին։ Դրանով նա կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրությունը եւ ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 74-րդ հոդվածի 18-րդ կետը, որը մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով բողոքների քննության համար սահմանում է առավելագույնը 30-օրյա ժամկետ։ Վկայակոչված նորմը իմպերատիվ բնույթ ունի եւ բացառում է որեւէ այլ մեկնաբանություն։ Հաջորդ՝ 19-րդ կետը, որը հնարավորություն է տալիս այդ գործերի քննությունը հետաձգել մինչեւ 50-րդ օրը, հղում կատարելով նախորդ՝ 18-րդ կետին՝ հստակ արձանագրում է, որ դա կարելի է միմիայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը ծանրաբեռնված է նույնաբնույթ բողոքներով, ինչը հնարավոր է միայն համապետական կամ մի քանի ընտրատարծաքներում միաժամանակ կայացած ընտրությունների պարագայում, երբ բողոքները կարող են լինել մի շարք ընտրատարածքներից։ Մեկ ընտրատարածքում կատարված ընտրության ժամանակ, բնականաբար, դա բացառվում է։

Այսպիսով, Սահմանադրական դատարանը կոպտորան խախտել է իր իսկ գործունեությունը կարգավորող հիմնական օրենքը։ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ սույն խախտումը ակնհայտորեն պայմանավորված է Վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի բողոքի քննարկման ավարտի եւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու հետ։ Սա բացահայտում է, որ Սահմանադրական դատարանը հայցը մերժելու համապատասխան հրահանգ է ստացել, եւ, օրենքը խախտելու գնով, փորձում է ազատվել Նիկոլ Փաշինյանին մանդատից զրկելու բարոյական պատասխանատվությունից։

Այս խորագրի վերջին նյութերը