Լրահոս

03.02.2010 18:32


Նաիրա Զոհրաբյանը լավատեսություն չունի

Նաիրա Զոհրաբյանը լավատեսություն չունի

ՀՀ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հետևյալ հարցն է ուղղել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ «Օրերս իսլամական կոնֆերանսի կազմակերպության 6-րդ խորհրդարանական վեհաժողովում ընդունվեց մի բանաձև, որով կոչ է արվել իսլամական կազմակերպության անդամ 51 երկրների ազգային խորհրդարաններին ճանաչել Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանություն։ Կցանկանայի իմանալ՝ ի՞նչ է անում մեր արտգործնախարարությունը և մեր ներկայացուցչությունները տվյալ 51 երկրներում, մասնավորապես Խոջալուի և ոչ միայն Խոջալուի վերաբերյալ իրական տեղեկատվություն տարածելու համար, և որ նման գործընթացների  վրա որոշակի ազդեցություն ունենանք»։ Հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարար Է. Նալբանդյանն ասել է, որ վերջին երկու տարվա ընթացքում միջազգային և տարածաշրջանային որևէ կազմակերպություն հայտարարություն չի արել, որը համահունչ չլինի հայկական կողմի մոտեցումներին թե՛ Ղարաբաղի հարցի վերաբերյալ, թե՛ դրան վերաբերող այլ հարցերի, իսկ ինչ վերաբերում է իսլամական կոնֆերանսին, ապա այնտեղի որոշումները շատ հաճախ ընդունվում են անգամ առանց քվեարկության դնելու։

-Այնպես որ այդ որոշումներն ընդունվել են և հիմա էլ ընդունվում են։ Ինչ վերաբերում է իսլամական կոնֆերանսի անդամ առանձին երկրներին, ապա Հայաստանը բավական ակտիվ աշխատանք է տանում, և այդ նույն երկրներն իսլամական կոնֆերանսից դուրս այլ դիրքորոշումներ են արտահայտում, և բազմիցս դրա մասին ապացուցվել է։ Եթե նայեք այլ որոշումների քվեարկությունները, կտեսնեք, որ իսլամական կոնֆերանսի նույն անդամ-պետություններն այլ ատյաններում քվեարկում են այլ կերպ,- ասել է Է. Նալբանդյանը։

ԱԳ նախարարի պատասխանից հետո Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ, այդուհանդերձ, այսօր արդեն իսլամական կոնֆերանսի անդամ որոշ երկրներում Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու հարցն արդեն իսկ բարձրացվել է ազգային խորհրդարանների մակարդակով, և, իր գնահատմամբ, այդքան լավատես չպետք է լինել. պետք է ավելի ակտիվ աշխատել միջազգային կառույցներում. «Ես ներկայացված լինելով բազմաթիվ միջազգային կառույցներում՝ չունեմ այն լավատեսությունը, որ մեր աշխատանքը հատկապես միջազգային հանրության հետ գերգերազանց մակարդակի վրա է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը