Աշխարհ

04.01.2018 12:39


Գեներալ Մաքմասթեր. Իրանի ցուցարարներն վայելում են Վաշինգտոնի էմոցիոնալ աջակցությունն ու համակրանքը (տեսանյութ)

Գեներալ Մաքմասթեր. Իրանի ցուցարարներն վայելում են Վաշինգտոնի էմոցիոնալ աջակցությունն ու համակրանքը (տեսանյութ)

Իրանում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ կապված վերջին օրերին այստեղ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի հետ:

Միջազգային հանրությունն արձագանքում է Իրանում ընթացող զարգացումներին: Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակն իր մտահոգությունն է արտահայտել Իրանում բռնության ու մարդկային զոհերի կապակցությամբ՝ կոչ անելով Իրանի ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ և խուսափել բռնության նոր ալիքից:

Իր հերթին Եվրամիությունը ևս դատապարտել է բռնությունը՝ հայտարարելով, որ ուշադրությամբ հետևում է Իրանում ընթացող զարգացումներին: Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մինա Անդրեևան ընդգծել է մարդկանց հիմնական ազատություների և իրավունքների պաշտպանության ապահովման անհրաժեշտությունն Իրանում:

Միացյալ Նահանգները ևս արձագանքել է Իրանի իրավիճակին: Նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան նոր գրառման մեջ ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Իրանի ժողովրդին, որը հակադրվում է, ըստ նախագահի, Իրանի կոռումպացված կառավարությանը:

Նախագահ Թրամփի հետ մեկտեղ Իրանի իրավիճակի մասին անդրադարձել է նաև Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Հերբերտ Մաքմասթերի խոսքը, ով «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է, որ Իրանի ժողովուրդն իր զայրույթն է արտահայտում, քանի որ երկրի իշխանությունները քաղաքացիների կարիքները հոգալու փոխարեն զբաղված են ահաբեկչության արտահանմամբ: Խոսելով ԱՄՆ-ի գործողությունների մասին՝ գեներալը ասել է.

«Մենք կտեսնենք ինչ տարբերակներ ունենք, սակայն կարծում եմ, որ անհրաժեշտ է բարձրաձայնել ամբողջ աշխարհում Իրանի ժողովրդի անունից»,- նշել է Մաքմասթերը:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդականն աջակցություն է հայտնել վարչակազմի վարած քաղաքականությանը՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրանք զրկում են վարչակարգին համապատասխան ռեսուրսներից: Ըստ Մաքմասթերի, Իրանը շարունակում է դրսևորել ագրեսիվ վարքագիծ:

Նրա խոսքերով, իրանցի ցուցարարները վայելում են ԱՄՆ-ի էմոցիոնալ աջակցությունն ու համակրանքը, և ԱՄՆ-ը ուրախ է, որ նրանք իրականացնում են, մեջբերում ենք, բռնակալ վարչակարգի դեմ բարձրաձայնելու իրենց իրավունքը։

Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները երկրում ստեղծված կացության մեջ մեղադրել են «թշնամիներին», մասնավորապես՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը