Աշխարհ

02.01.2018 20:27


Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու Սաուդյան Արաբիային

Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու Սաուդյան Արաբիային

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի թշնամիներն օգտագործում են իրենց ունեցած բոլոր միջոցները, որպեսզի ապակայունացնեն երկիրը և այնտեղ անկարգություններ հրահրեն։ Ինչպես հայտնում է РБК-ն, անդրադառնալով շուրջ մեկ շաբաթ Իրանում ընթացող բողոքի գործողություններին, այաթոլլա Ալի Խամենեին նաև նշել է.

«Վերջին իրադարձություններում Իրանի թշնամիները միավորվել են և իրենց ունեցած տարբեր միջոցներն են օգտագործել, այդ թվում՝ փող, զենք, քաղաքականություն և հետախուզական ուժեր, որպեսզի անհանգստացնեն Իսլամական Հանրապետությանը։ Թշնամին մշտապես ցանկացած հնարավորություն և սողանցք է փնտրում՝ ներխուժելու և իրանական ազգին հարված հասցնելու նպատակով»։

Իսկ Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանին ցույցերի կազմակերպման մեջ մեղադրել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային։ Նա նշել է, որ այդ երկրների իշխանությունները վերահսկում են սոցիալական ցանցերում առկա բողոքական տրամադրությունները և ընդգծել է, որ նրանց գործողությունները Իրանի ներքին գործերին կազմակերպված միջամտություն են։

Իրանում ընթացող զանգվածային բողոքի գործողություններում իրավապահների հետ բախումների արդյունքում զոհվել է արդեն 20 մարդ։ Բերման են ենթարկվել ավելի քան 300-ը, նրանցից առնվազն 100-ը կալանքի տակ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը