Աշխարհ

01.01.2018 20:04


Իրանում լարված իրավիճակը շարունակվում է․ զոհերի թիվը հասել է 12-ի

Իրանում լարված իրավիճակը շարունակվում է․ զոհերի թիվը հասել է 12-ի

Իրանում արդեն 5-րդ օրն է՝ շարունակվում են բողոքի ցույցերն՝ ընդդեմ երկրում տիրող ծանր տնտեսական վիճակի և իշխանությունների վարած քաղաքականության։

Իրավապահների հետ բախումների արդյունքում զոհերի թիվն արդեն հասել է 12-ի: Ինչպես հայտնում է ТАСС-ը, ոստիկանական բաժանմունքները և ռազմական հենակետերը վերահսկողության տակ վերցնելու ցուցարարների փորձերը մի քանի անգամ հետ են մղվել։

Երկրում տիրող իրավիճակին անդրադառնալով՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել իրանցիներին զերծ մնալ բռնի գործողություններից:

«Մարդկանց միակ մտահոգությունը տնտեսության վիճակը չէ: Մարդիկ դժգոհ են նաև կոռուպցիայի ծավալներից և թափանցիկության բացակայությունից»,-հավելել է նա:

Նաև ընդգծել է, որ Իրանը երկիր է, որտեղ յուրաքանչյուրը սեփական կարծիքի իրավունք ունի։

IRNA գործակալության փոխանցմամբ էլ՝ Իրանի խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի՝ բողոքի ակցիաների կապակցությամբ։

Նշենք, որ երկրի իշխանությունները արգելափակել են սոցիալական ցանցերը, ինչը Իրանի հաղորդակցության և կապի նախարար Մոհամմադ Ջավադ Ազերի Ջահրոմիի պնդմամբ՝ ժամանակավոր բնույթ է կրում։

«Սոցիալական ցանցերի մշտական արգելափակման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Կարծես, նրանց նպատակն է սոցիալական դժգոհության և հոռետեսության ստեղծումը»,-թվիթերյան իր էջում գրել է նա՝ չհստակեցնելով, թե խոսքն ում մասին է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը