Տնտեսական

03.02.2010 16:43


Համայնքապետերը կդառնան փոքրիկ և չար իշխանիկնե՞ր

Համայնքապետերը կդառնան փոքրիկ և չար իշխանիկնե՞ր

Այսօր խորհրդարանում բավական բուռն քննարկման և քննադատության արժանացավ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը։ Այսպիսով, գույքահարկը և հողի հարկը սահմանվում են որպես տեղական հարկեր, և ամբողջ վարչարարությունը փոխանցվում է Տեղական ինքնակառավարման մարմիններին։ Այսինքն, ՏԻՄ-ն իրավունք կստանա իր որոշումներով, իր ցանկությամբ և ընտրությամբ որոշակի հարկատեսակներ մտցնել տվյալ համայնք՝ լրացնելով տեղական բյուջեն։

Առաջիկայում կառավարությունը դեռ պետք է սահմանի հարկատեսակների ցանկը, որոնք կամավոր կերպով իր համայնքում կներդնի ՏԻՄ-ը։ Արդյունքում կարող է ստացվել, որ, օրինակ, մի համայնքում կիրառվող հարկատեսակի դրույքաչափը տարբերվի մյուս համայնքի դրույքաչափից։ Բայց սա, ըստ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի, ոչ թե կամայականություն կլինի, այլ օրենքով սահմանված իրավունք։

Տարածքային կառավարման փոխնախարարի խոսքերով՝ այս օրենքը համայնքի բնակիչների համար հարկերի ավելացում չի նախատեսում։

-Ոչ մի խստացում, ոչ մի ծանրացում, ոչ մի լրացուցիչ իրավասություն, բեռ այստեղ չի նկարագրվում, և համայնքի մեր բնակիչները հողի հարկի և գույքահարկի վարչարարության առումով լրացուցիչ որևէ բարդություն չեն ունենա։ Սա ավելի շատ մեր տեղական ինքնակառավարման  մարմիններին թույլ կտա, որ իրենք ավելի պատասխանատու և գործուն միջոցներով կարողանան ապահովել գույքահարկի և հողի հարկի գանձումները,- վստահեցրել է Վ. Տերտերյանը։

Փոխարենը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, այս օրենքն առաջին հերթին հարվածելու է խոցելի խավին։

-Դա նշանակում է, որ աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության թիվը մեծանալու է։ Դա հարկային բեռի ավելացում է՝ առանց խոշոր սեփականատիրոջ կամ տնտեսվարող սուբյեկտի, մանր, միջին բիզնեսի տարբերակման,-մեզ հետ զրուցում ասաց Լ. Ալավերդյանը՝ հավելելով նաև, որ, այդպիսով, օբյեկտիվ և օրենսդրական հիմք է ստեղծվում, որպեսզի կամայականությունն ստանա ավելի լայն ծավալներ ու էլ ավելի խորանա։

-Համայնքապետերը կդառնան փոքրիկ և չար իշխանիկներ,- վստահ է «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը.

-Սա բացասական է ազդելու բարեխիղճ գյուղապետերի վրա և ուղղակի հող է ու նոր հնարավորություններ է ստեղծում կամայականությամբ շարժվող և կամայական որոշումներ ընդունողների համար։

Ավելին, Լ. Ալավերդյանը կարծում է, որ մասնավորապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ այս օրենքը կարող է քաղաքական շանտաժի վերածվել.

-Սրա քաղաքական ենթատեքստը հետևյալն է՝ այս օրենքի իրականացման ժամանակ լինելու են բազմաթիվ չարաշահումներ ոչ բարեխիղճ գյուղապետերի կողմից, և պարտադրանք է լինելու բարեխիղճների վրա:  Իրենք հետագայում յուրաքանչյուր ընտրության ժամանակ կդառնան ավելի կառավարելի իշխող կուսակցության համար։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը