Լրահոս

03.02.2010 16:45


«Նուբարաշեն» ՔԿՀ-ի թվով հինգ աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական անփութության համար

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ցմահ ազատազրկման դատապարտված Մ. Ենոքյանի և Ս. Քոչարյանի՝   «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմելու  դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի՝ ՔԿՀ-ի հինգ աշխատակիցների մասով նախաքննությունը:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է,  ծանր հանցագործություններ կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներ Մհեր Ենոքյանը և Սողոմոն Քոչարյանը,  հանցավոր համաձայնության գալով, 2009թ.  ամռանը պլանավորել են   փախուստ կատարել ազատազրկման վայրից՝ նախօրոք ուսումնասիրելով քրեակատարողական հիմնարկի  աշխատակիցների աշխատաոճը և  համոզվելով, որ վերջիններս  ծառայության նկատմամբ դրսևորում են անփույթ վերաբերմունք. պատշաճ կարգով  բանտախցերը չեն խուզարկում, խցերից դուրս բերվելուց  դատապարտյալներն անձնական խուզարկության չեն  ենթարկվում, զբոսախցերում տեխնիկական զննում չի կատարվում, զբոսախցերի տանիքներին հսկողություն չի իրականացվում:

Փախուստն իրագործելու նպատակով Մ. Ենոքյանը և Ս. Քոչարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ  տնտմասի դատապարտյալ  Կիմ Հայրապետյանից նախապես  ձեռք բերված և խցում թաքցված սղոցի կտորներով  երեքից չորս ամիս կտրել են  ՔԿՀ-ի թիվ 1 զբոսախցի   տանիքի մետաղյա ճաղավանդակը:  Բացի այդ' իրենց տրամադրության տակ ունենալով բավարար քանակության և տեսակի թելեր, տևական ժամանակ մնալով առանց հսկողության՝  9,5 և 2 մետր երկարության պարաններ են հյուսել, որոնց միջոցով էլ 2009թ. նոյեմբերի 27-ին ՝ ժամը 17:00-ի սահմաններում, հիշյալ ՔԿ հիմնարկի թիվ 1 զբոսախցի  տանիքի ճաղավանդակի կտրված  հատվածի միջով անցնելով, պարանների և մեկուսիչի օգտագործմամբ  անցել են ահազանգման համակարգի  և արտաքին քողարկող պատի  վրայով և ազատազրկման վայրից դիմել փախուստի:

Սակայն օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2009թ.  դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում,  Երևանի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում  հայտնաբերվել է Մ. Ենոքյանը, իսկ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից հայտնաբերվել է նաև Ս. Քոչարյանը:
Քննության ընթացքում պարզվել է, որ Մ. Ենոքյանի և Ս. Քոչարյանի  կողմից պլանավորված փախուստը հաջողվել է  իրականացնել  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներ  ՔԿ հիմնարկի ցերեկայիչն հերթափոխի  ավագ Աղասի Սմբատյանի,  նույն հերթափոխի ծառայողներ  Արա Աթաբեկյանի և Վանիկ  Հարությունյանի,  ՔԿ հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտվածների  պահպանության բաժնի պետ  Սերժիկ Թամրազյանի, անվտանգության ապահովման բաժնի պետ  Սեդրակ Արթենյանի  կողմից դատապարտվածներին պահելու  վայրերի ներքին կանոնակարգի, ինչպես նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի  2009թ. նոյեմբերի 9-ի  հրամանի պահանջները  խախտելու և չկատարելու  հետևանքով:

Նախաքննությամբ պարզվել և հաստատվել է նաև, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների  պահպանության բաժնի պետ  Սերժիկ Թամրազյանը  հոկտեմբերին ՔԿՀ-ի պետի կողմից տեղեկացված է եղել  նախապատրաստվող փախուստի մասին:  Վերջինս պատասխանատվություն է կրել  ցմահ ազատազրկման դատապարտված անձանց  նկատմամբ իրականացվող  հսկողության և անվտանգության ապահովման համար: Սակայն խախտելով գործող կանոնակարգը և հիշյալ հրամանի պահանջները և փախուստի նախապատրաստման նվերաբերյալ  տեղեկություն ստանալուց հետո պարտավոր լինելով  դատապարտյալներին վերցնելու առավել ուժեղ հսկողության տակ' չի ապահովել այն, որի պատճառով  Ս. Քոչարյանն ու Մ. Ենոքյանը հսկողության բացակայության պայմաններում  հնարավորություն են ունեցել իրենց խցում պատրաստել  ինքնաշեն պարաններ:  Նույն խցում են պահվել նաև  բջջային հեռախոսները և  ամսագրերից  պատրաստված  մեկուսիչը:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի  ցերեկային հերթափոխի ավագ Աղասի  Սմբատյանը  պատասխանատվություն է կրել հիմնարկի  ցերեկային հերթափոխի ծառայողների  աշխատանքների, խցերի ընդհանուր  տարածքների տեխնիկական ստուգման  և խուզարկության կազմակերպման  համար: Սակայն  պատշաճ հսկողություն չի սահմանել  վերոնշյալ աշխատանքների կատարման նկատմամբ:  Արդյունքում' նոյեմբերի 27-ին' ժամը 17:00-ի սահմաններում, Մ. Ենոքյանը և Ս. Քոչարյանը  ցերեկային հերթափոխի ախշատակիցների կողմից դուրս են բերվել  իրենց խցից,  հերթափոխի աշխատակից Վանիկ Հարությունյանը նարանց ձեռքերին գցել է ձեռնաշխթաներ, բայց  անձնական խուզարկության չի ենթարկել' այդպիսով թույլ տալով, որ դատապարտյալներն իրենց հագուստի տակ խցից դուրս բերեն նախօրոք պատրաստված պարաններն ու մեկուսիչը:
Արա Աթաբեկյանը, ով  պարտավոր էր  դիտանցքով ստուգել  թիվ 1 զբոսախուցը, իր ծառայողական պարտականությունները նույնպես չի կատարել և միայն զբոսանքն ավարվելուց հետո' ժամը 18:00-ի սահմաններում  է հայտնաբերվել Մ. Ենոքյանի և Ս. Քոչարյանի փախուստը: 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա' Աղասի Սմբատյանին, Սերժիկ Թամրազյանին, Սեդրակ Արթենյանին, Արա Աթաբեկյանին և Վանիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նրանց մասով  քրեական գործն անջատվել է  առանձին վարույթ և ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր  իրավասության առաջին ատյանի դատարան' ըստ էության քննելու համար:

Երեք մեղադրյալների մասով  նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ գլխավոր դատախազություն

Այս խորագրի վերջին նյութերը