Լրահոս

03.02.2010 16:24


Սեյրան Օհանյանը կմեկնի Թուրքիա

Սեյրան Օհանյանը կմեկնի Թուրքիա

2010թ. փետրվարի 4-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, կմասնակցի Ստամբուլում (Թուրքիայի Հանրապետություն) կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպմանը կմասնակցեն նաև Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ընդհանուր պաշտպանական և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը:

Հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկվի Աֆղանստանի համար նախատեսված անցումային ռազմավարությունը, աֆղան ժողովրդի կարողությունների զարգացումը, Աֆղանստանի անվտանգության ուժերի կազմավորումը, պետական կառավարման ինտիտուտների բարելավման և Աֆղանստանի հարևանների հետ համագործակցության հստակեցման վերաբերյալ հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը առանձին հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ և կայցելի Կ.Պոլսի հայոց պատրիարքարան:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը