Աշխարհ

26.12.2017 14:31


Ադրբեջանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Ադրբեջանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Ադրբեջանի ներկա և նախկին նախագահներ Իլհամ և Հեյդար Ալիևների հասցեին մեղադրական հարցազրույցից ընդամենը մեկ օր անց՝ դեկտեմբերի 25-ին, ձերբակալել են այդ երկրի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին (Rəhim Qazıyev): Նրան պահում են Բաքվի Նարիմանով շրջանի ոստիկանական տեղամասում: Այս մասին հայտնում է ադրբեջանական Contact.az լրատվակայքը:

Ըստ աղբյուրի՝ Ղազիևի եղբայրը և իրավապաշտպանները ենթադրում են, որ ձերբակալության պատճառը Ղազիևի՝ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևին և նրա հոր՝ նախկին նախագահ Հեյդար Ալիևին ուղղված քննադատություններն են՝ Kanal-13 ինտերնետ-հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Լրատվակայքը նշում է, որ իրավապահ մարմինները որևէ տեղեկություն և մանրամասներ չեն հայտնում պաշտպանության նախկին նախարարի ձերբակալման վերաբերյալ:

Ռահիմ Ղազիևը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարել է Արցախյան պատերազմի շրջանում՝ 1992-1993 թվականներին: 1993 թ. վերջին Ղազիևին ձերբակալել են պետական դավաճանության և Շուշիի հանձնման մեղադրանքներով, բայց 1994 թվականի սեպտեմբերին նա փախել է Ադրբեջանի պետական անվտանգության նախարարության քննչական մեկուսարանից և գնացել Մոսկվա։

1996 թվականին ՌԴ դատախազությունը Ղազիևին արտահանձնել է Բաքվին: Բաքվում նրա նկատմամբ սկզբում մահվան դատավճիռ է կայացվել, որը, սակայն, 1998 թվականին փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ 2005 թվական մարտի 21-ին Ռահիմ Ղազիևն ներում են շնորհել և ազատ արձակել:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը