Աշխարհ

21.12.2017 14:09


Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հասարակության ինքնության կառույցը ոչնչացնող պատմական փաստ է. Թաներ Աքչամ

Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հասարակության ինքնության կառույցը ոչնչացնող պատմական փաստ է. Թաներ Աքչամ

Թուրքիայի իշխանությունները պարտավոր են առերեսվել սեփական պատմության հետ, եթե ցանկանում են հիմնել ժողովրդավարական և մարդու իրավունքները հարգող համակարգ: Առանց պատմության հետ առերեսման հասարակական խաղաղություն չի կարող հաստատվել և ժողովրդավարական համակարգ չի կարող հիմնվել: Այս մասին T24.com-ում հրապարակած նոր հոդվածում գրում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբան Թաներ Աքչամը:

«Պատմությանն առերեսվելու պարտավորությունը և դրա դիմաց առկա արգելքները» խորագրով հոդվածում Աքչամն ընդգծել է, որ ներկայում Թուրքիայում ավտորիտար և բռնապետական ռեժիմ է, ոտնահարվում են մարդու ամենահիմնարար իրավունքներն ու ազատությունները, գլխավորապես՝ մտքի ազատությունը:

«Հարյուրավոր մտավորականներ, գրողներ, լրագրողներ բանտարկված են, ժողովրդավարության ամենահիմնական կառույցներն ու օրենքները չեն գործում, դատական համակարգն ամբողջությամբ մեկ մարդու ազդեցության տակ է, օրենքի գերակայության սկզբունքը վերացվել է: Էթնիկ-կրոնական խնդիրները, մասնավորապես քրդական հարցը, ալևի, քրիստոնյա և հրեա փոքրամասնությունների հարցերը հիվանդագին վիճակում են»,- նշել է պատմաբանը:

Նա առանձնացրել է պատմությանն առերեսվելու չորս հիմնական պատճառ: «Առաջինը, եթե ցանկանում եք մարդու իրավունքները հարգող ժողովրդավարական ռեժիմ ունենալ, ապա ստիպված եք առերեսվել պատմության ընթացքում մարդու իրավունքների խախտումների հետ: Եթե անցյալի խախտումների հետ չկարողանաք առերեսվել, այսօր չեք կարողանա մարդու իրավունքները հարգող հասարակություն հիմնել: Ինչպես նայեք անցյալին, այնպես էլ կկառուցեք այսօրը: Եթե պատմության մեջ առկա խնդիրները քննարկեք՝ ասելով «Հայերը դավաճանել են», «Հույներն արժանի էինք», «Քրդերը իմպերիալիստների խաղն են խաղում», «Սրանք երկիրը բաժանել ցանկացող դավաճաններ են և մեր երկրի համար լուրջ վտանգ են ներկայացնում», ապա ներկայում էլ նման հարցերն այդ տեսանկյունից կընկալվեն: Ինչպես նախկինում խախտել եք ամենահիմնարար իրավունքները, այսօր էլ նույնը կանեք»,- նշել է Աքչամը:

Որպես երկրորդ պատճառ՝ պատմաբանն ընդգծել է, որ պատմության ընթացքում վատ և ցավալի հարաբերություններ ունեցող հասարակությունները կկարողանան համատեղ ապրել միայն մեկը մյուսի հետ խոսելու ճանապարհով: Երրորդը՝ անհրաժեշտ է անցյալում ոչնչացված մարդկանց մարդկային արժանապատվությունը, որը ոտնատակ է արվել, հետ վերադարձնել նրանց: Եվ վերջապես, որպես չորրորդ պատճառ Աքչամը նշել է՝ պատմության հետ առերեսումից հրաժարումը վատ հետևանքներ կարող է ունենալ: Առերեսումը հերքելը նշանակում է ունենալ նույն հանցանքը կրկնելու ներուժը:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Աքչամը գրել է. «Մենք 1923 թվականին ազգ-պետություն հիմնեցինք և դրան համապատասխան ինքնություն ստեղծեցինք: Եվ այդ ինքնությունն այսօր վերածվել է մեր մտածելակերպը, զգացմունքները, այսինքն` հասարակության ամբողջ սոցիալ-մշակութային հարաբերությունները որոշող իրականության: Սակայն եթե մենք, օրինակ, սկսենք խոսել Հայոց ցեղասպանության մասին, կտեսնենք, թե ինչպես է այդ իրականությունը սկսում խարխլվել: Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հասարակության ինքնության կառույցն ամբողջությամբ ոչնչացնող պատմական փաստ է: Այս պատճառով է, որ խուսափում ենք առերեսումից»:

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ

Այս խորագրի վերջին նյութերը