Լրահոս

02.02.2010 18:28


Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) համար հայ–թուրքական սահմանի բացումն արյան ու արժանապատվության դաշտից դուրս հասկացություն է

Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) համար հայ–թուրքական սահմանի բացումն արյան ու արժանապատվության դաշտից դուրս հասկացություն է

ԱԺ-ի հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) պաթետիկ ոճով բավականին կոշտ ելույթ է ունեցել։

Նա նշել է, որ այսօր Հայաստանի և հայ ազգի համար կարևորագույն խնդիրներն Արցախի անկախությունն ու Հայոց ցեղասպանության ճանաչումն են, «որոնք մեր ժողովրդի արյան և արժանապատվության խնդիրն են»։

-Հայ-թուրքական սահմանի բացումը, որը թեկուզ իրենից ենթադրի հետագայում երկրում արձանագրվող տնտեսական զարգացման ինչ-որ հնարավորություն կամ տարածաշրջանում ինչ-որ չափով մեր երկրի դերի բարձրացում, մեզ համար մեր արյան ու արժանապատվության դաշտից դուրս հասկացություններ են։

Նա նաև նշել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը վայնասունի մեջ է գցել Թուրքիային, և թուրքերը սխալվում էին՝ կարծելով, որ իրենց «մուղամի» մեջ կներքաշվեն նաև մեծ տերությունները։

-Հայոց ցեղասպանության ճանաչումից խուսափող թուրքը չի ուզում հասկանալ, որ ոչ միայն իրենց կողմից, այլ նաև ողջ աշխարհի կողմից չի կարող այդ հարցը կասկածի տակ առնվել, որովհետև դա ոչ միայն թուրքերի կողմից հայ ազգի նկատմամբ գործած Ցեղասպանության ճանաչումն էր, այլ նաև թուրքերի կողմից ընդդեմ մարդկության կատարված ծանրագույն հանցագործության դատապարտում,- հայտարարել է Ռ. Գևորգյանը՝ հավելելով.

-Արցախի անկախության հարցում նույն թուրքը չի ուզում գիտակցել, որ արցախյան այդ հողակտորը մեր ոգին է, և կռվողն ու կռիվ տվողը մեր հողն է, արյամբ ընդգծված սահման ունեցող հայրենի երկիրն ու ժողովորդը, որն ունի պատերազմից ծնունդ առած մի Եռաբլուր, որն իր հոգու ցավն է մեղմում իր հաղթանակներով, վախենալու ոչինչ չունի ռազմաշունչ հայտարարութուններով հանդես եկող Ադրբեջանից, և ամեն պարագայում էլ պատրաստ է ապավինելու սեփական ուժերին՝ չհաշտվելով արցախյան հիմնահարցի լուծման քաղաքական այն տարբերակի հետ, որը կբերի սեփական հողի կորստի։ Այսօր մեզանից պահանջվում է մի բան՝ ունենալ միասնական ժողովուրդ, կայուն քաղաքական դաշտ և լինել պետության կողքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը