Աշխարհ

21.12.2017 08:33


Ադրբեջանցի հայտնի հետաքննող լրագրողին թույլ չեն տվել մտնել թատրոն՝ ներկայացման

Ադրբեջանցի հայտնի հետաքննող լրագրողին թույլ չեն տվել մտնել թատրոն՝ ներկայացման

Ադրբեջանցի հայտնի լրագրող, նախագահ Ալիևի ընտանիքի բիզնեսների մասին մի քանի սկանդալային բացահայտումների հեղինակ Խադիջա Իսմաիլովան ստիպված է եղել լքել օպերայի և բալետի պետական թատրոնի շենքը այն բանից հետո, երբ զգուշացնող գրություն է ստացել առ այն, որ ներկայացումը հնարավոր է չեղարկվի, եթե նա ներկա լինի հանդիսատեսի շարքում:

Խադիջան հրավիրված էր «Մկների և մարդկանց մասին» ներկայացման պրեմիերային, որը բեմադրվել էր ամերիկացի գրող Ջոն Ստեյնբեքի պատմվածքի հիման վրա: Ներկայացումը բեմադրվել էր «Էսա» թատրոնում՝ վերջինիս առաջին տարեդարձի կապակցությամբ. «Էսա» թատրոնը հայտնի է նրանով, որ դերասանների մեծ մասը սահմանափակ հնարավորությունների տեր մարդիկ են («Էսա» բառը թարգմանաբար նշանակում է «հենակ», «հաշմանդամի փայտ»): Ներկայացման հովանավորներից մեկը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն էր:

Սակայն թատրոնի մուտքի մոտ լրագրողին սպասվում էր գրություն՝ զգուշացմամբ, որ ներկայացումը կարող է չեղարկվել, եթե նա հայտնվի դահլիճում՝հանդիսատեսի շարքում: Խադիջա Իսմաիլովան Facebookի իր էջում գրել է, որ այդ հրահանգը եկել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի օգնական Յուսիֆ Մամեդալիևից, որը նույնպես դահլիճում է եղել և տեսել է Խադիջային, երբ վերջինս դուրս էր գալիս մեքենայից:

Ավելի ուշ պարզվել է, որ նույն ներկայացմանը հրավիրված է եղել նաև Ադրբեջանի նախագահի ավագ դուստր Լեյլա Ալիևան:

«Ես չէի ցանկանում տապալել միջոցառումը, ուստի որոշեցի լքել թատրոնը: Իմ գործընկերներից մի քանիսն էլ հետևեցին ինձ՝ որպես զորակցության նշան: Ես նրանց կհրավիրեի ինչոր տեղ սուրճ խմելու, բայց վախենում եմ՝ այդ սրճարանն էլ փակեն այնտեղ մեր ներկայությունից հետո»,- գրել է Խադիջան:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան զանգահարել է Խադիջա Իսմաիլովային և ասել, որ շատ հիասթափված է այդ միջադեպի կապակցությամբ:

«Էսա» թատրոնի տնօրեն, դերասան Օրհան Ալիգյոզադը meydan.tvին ասել է, որ չի իմացել այդ միջադեպի մասին:

«Ես շատ վրդովված եմ: Ինձ համար պարզ չէ՝ ինչու կարող էր նման բան տեղի ունենալ»:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը