Լրահոս

20.12.2017 17:48


Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան լավագույն մարզիկների տասնյակում չի ընդգրկել Մխիթարյանին

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան լավագույն մարզիկների տասնյակում չի ընդգրկել Մխիթարյանին

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են 2017 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:

Հարցմանը մասնակցել են 21 մարզական լրագրողներ:

Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի առաջնության ոսկե դափնեկիր և Եվրոպայի բրոնզե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:

Ստորև ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը.

1. ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ հ / հ ըմբշամարտ / 200 միավոր /

2. ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ հ /հ ըմբշամարտ, աշխարհի չեմպիոն / 188 /

3. ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ շախմատ, աշխարհի գավաթակիր,որի շնորհիվ դարձել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ: Եվրոպայի թիմային առաջնությունում առաջին խաղատախտակի վրա արժանացել է ոսկե մեդալի / 168 /

4. ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ծանրամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն / 145 /

5. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎ բռնցքամարտ,Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր / 108 /

6. ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆ ծանրամարտ,համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն / 99 /

7. ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ սամբո, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն / 90 /

8. ՍԵՐԳԵՅ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ դահուկային սպորտ,համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր և նվաճել է 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր: ՀՀ դահուկային սպորտի պատմությունում սա առաջին և առայժմ միակ խոշոր նվաճումն է միջազգային պաշտոնական մրցումներում / 61 /

9. ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ սպորտային մարմնամարզություն,օղակների վրա դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն և աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկի հաղթող / 44 /

10. ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ծանրամարտ, համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն / 42 /

Հարցաթերթիկներում նշվել են նաև հեծանվորդ Էդգար Ստեփանյանի, սամբիստ Գրիգոր Մխիթարյանի, ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանի և հրաձգուհի Լիլիթ Մկրտչյանի անունները:

Հետաքրքրական է, որ այս տարի ևս, մարզական լրագրողների ֆեդերացիայի ներկայացրած ցանկից բացակայում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը, որը 2017 թվականի ընթացքում ՄՅՈւ-ի կազմում դարձել է Անգլիայի լիգայի գավաթակիր և Եվրոպա լիգայի գավաթակիր: «Այաքսի» հետ կայացած ԵԼ-ի եզրափակչում Մխիթարյանը նաև գոլ է հեղինակել ու դարձել առաջին հայ ֆուտբոլիստը, որը նվաճել է այդ տիտղոսը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը