Լրահոս

02.02.2010 18:05


Նախաձեռնողական քաղաքականության վերաբերյալ ՀԱԿ հայտարարությունը

Կեղծված ընտրություներով եւ մարտի 1-ի սպանդով ապօրինաբար տիրանալով իշխանությանը, ներկա վարչախումբը միջազգային հարաբերությունների ասպարեզում ինքն իրեն ի սկզբանե դրեց այնպիսի խոցելի վիճակի մեջ, որն առաջացրեց Ղարաբաղյան հարցում աննախադեպ միջազգային ճնշումներ: Նման իրավիճակում Սարգսյանի վարչախումբը հանդես եկավ ճգնաժամը կարգավորելու մի ծրագրով' այսպես կոչված «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության շրջանակներում:

«Նախաձեռնողական» այդ քաղաքականության էությունն էր Ցյուրիխյան ուրացման գործարքը, որով ռեժիմը ընդունեց պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի պահանջը' սահմանը բացելու խոստման դիմաց: Ռեժիմը հաշվարկել էր, որ գնալով բարոյական տեսակետից նման անընդունելի գործարքի, լուծելու է մի քանի խնդիր: Սարգսյանի հաշվարկով, ցուցադրելով ազգային շահերի եւ ազգայնականների դեմ գնալու կարողություն, նա արժանանալու էր միջազգային հանրության աջակցությանը, որը թույլ կտար մի կողմից'թուլացնել ճնշումները Ղարաբաղի հարցում, մյուս կողմից, սահմանը բացվելու պարագայում, ապահովել Հայաստանի զարգացման հեռանկարներ՝ անկախ Ղարաբաղի խնդրի լուծումից: Սարգսյանի վարչախումբը նաեւ հաշվարկել էր,  որ այդ աջակցությունը նրան թույլ կտա անպատիժ խեղդել ժողովրդավարական ազատությունների եւ երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորման համար ըննդիմության մղվող պայքարը, ստեղծել կառավարելի "ազգայնական" ընդդիմություն: Նման կեղծ ընդդիմության խնդիրը պետք է լիներ ազգային հարցերում Սարգսյանին հակադրվելու բեմականացումը' առանց այնպիսի քննադատության, որը կբացահայտեր ռեժիմի արատները եւ կվտանգեր նրա գոյությունը:

 

Հայ Ազգային Կոնգրեսը բազմիցս զգուշացրել է, որ արտաքին քաղաքականության տեսակետից այս ծրագիրը հիմնված է  անհեռատեսության եւ սխալ հաշվարկների վրա, իսկ ներքին քաղաքականության տեսակետից՝ ուղղակի հանցավոր է, քանի որ հետապնդում է հասարակության ապատեղեկացման եւ ժողովրդավարության ճնշման նպատակներ:

 

Ինչպես եւ մենք զգուշացրել էինք, Թուրքիան սահմանի բացման հարցը հետեւողականորեն կապելու է Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, իսկ Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն կարողանալու այնպիսի ճնշումներ գործադրել, որոնք կփոխեին այդ դիրքորոշումը: Այս իրողությունը արդեն ակհայտ է բոլորի համար եւ միայն վաչախմբի խոսնակները  շարունակում են բութ համառությամբ այն ժխտել:

 

Ցյուրիխյան ուրացման այս տապալված քաղաքականության արդյունքները հետեւյալն են.

1.      Ոչ միայն Ղարաբաղի հարցում չթուլացան ճնշումները, այլ ընդհակառակը՝ դրանց աննախադեպ ինտեսիվության պայմաններում Հայաստանն առաջին անգամ իր նորանկախ պատմության մեջ համաձայնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում սահմանափակել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը  /2009թ. դեկտեմբերի ԵԱՀԿ Աթենքյան հայտարարություն/։

2.      Թուրքիան օգտագործեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Ղարաբաղյան բանակցություններում ներգրավվելու նպատակով եւ արդեն ստանձնել է  Մինսկի խմբի դե ֆակտո համանախագահի դեր, ինչը բացասական ազդեցություն կունենա Ղարաբաղի հարցի կարգավորման վրա։

3.      Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ըստ էության վերածվեց պաշտոնական մեղադրանքներով եւ վիրավորանքներով լի հայ-թուրքական հակամարտության:

Ճակատագրական ձախողումներից հետո ռեժիմը հայտնվել է երկընտրանքի առջեւ. կա՛մ շուտափույթ կարգավորել Ղարաբաղի հարցը՝ ոչ նպաստավոր տարբերակով, կա՛մ  բախվել տնտեսական ճգնաժամի այնպիսի խորացման, որը հղի է սոցիալական պայթյունով։ Այս վարչախումբը, իր բնույթի բերումով, չի կարող առողջացնել տնտեսական իրավիճակը, քանզի դրանով կվտանգի սեփական գոյությունը։ Հայաստանի տնտեսության առողջացման խնդիրների մասին Հայ Ազգային Կոնգրեսը շուտով կհրապարակի իր տեսակետը։

Այս խորագրի վերջին նյութերը