Աշխարհ

19.12.2017 17:05


Ադրբեջանի փոխվարչապետի թոռը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Ադրբեջանի փոխվարչապետի թոռը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Ադրբեջանի կառավարության փոխվարչապետ Ալի Հասանովի թոռը՝ 21-ամյա Նայիլ Ալլահվերդիևը, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Դատավճիռը հրապարակվել է դեկտեմբերի 18-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:

Ալլահվերդիևը 2017թի օգոստոսի 3-ին «Mercedes-Gelandawagen» մակնիշի ավտոմեքենայով ծանր ավտովթար է առաջացրել Հեյդար Ալիևի պողոտայում: Արդյունքում երկու մարդ է զոհվել, Թուրքիայի երկու քաղաքացի տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել:

Դատարանում զոհվածների հարազատները հայտարարել են, որ նրանք ոչ մի պահանջ չունեն մեղադրյալից: Ալլահվերդիևը հերքել է մրցարշավին մասնակցելու մեղադրանքը: Նա պնդել է, որ մեծ արագությամբ է ընթացել, քանի որ իր կողքը նստած ուղևորը հանկարծակի վատ է զգացելև նա շտապել է նրան հիվանդանոց հասցնել:

Թուրքիայի քաղաքացիները դատարան նամակ են ուղարկել, որ նույնպես պահանջներ չունեն մեղադրյալից: Նրանց բուժման բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Ալլահվերդիևի պապը՝ փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը:

Դատավճիռը հասարակությունում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել. օգտատերերը սոցցանցերում գրում են, որ 6 տարին չափազանց քիչ է այդպիսի ծանր հանցանքի համար, իսկ ոմանք վստահ են նույնիսկ, որ «ոսկե տղան» ընդհանրապես բանտախցում չի նստելու, պարազապես պարբերաբար գրանցվելու է:

Ադրբեջանի Իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալովը minval.az կայքին ասել է․ «Օրենքի համաձայն՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար, որն անզգուշաբար երկու և ավելի մարդու կյանք է խլել, 5-10 տարվա ազատազրկում է սահմանվում՝ մինչև 5 տարի տրանսպորտային միջոց կառավարելու իրավունքի զրկմամբ: Այնպես որ, պատիժը գրեթե նվազագույն է եղել»:

Աղբյուրը՝ JAMnews

Այս խորագրի վերջին նյութերը