Հարցազրույց

02.02.2010 17:32


Կարինե Աճեմյան

Կարինե Աճեմյան

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի հետ

-Համաձա՞յն եք, որ Հայաստանի նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ Թուրքիան ակտիվորեն ներգրավվեց ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացին։ Ավելին, արդեն բացահայտ պահանջում է, որ Հայաստանը կատարի ՄԱԿ-ի բանաձևերը։

-Դա նշանակում է, որ, փաստորեն, իրենք են նախապայմաններ առաջադրում, որն անընդունելի է։ Կարծում եմ, որ այս ժամանակահատվածում ավելի թափանցիկ կդառնա մեր կառավարության և արտաքին գերատեսչության աշխատանքը, և կտեսնենք ինչ-որ արդյունքներ։ Այս պահին այդ խոսակցությունները դեռ ոչ մի հիմք չունեն։

-Դու՛ք էլ եք ընդունում, որ Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում։ Հարցը հենց նրան էր վերաբերում, որ Թուրքիայի կողմից սահմանը փակելուց հետո առաջին անգամ թուրքերն ակտիվորեն միջամտում են ղարաբաղյան հակամարտության գործընթացին։

-Չէ. ես կարծում եմ, որ իրենք ուղղակի օգտագործեցին այս պահը՝ Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, և ուզում են ընթացքը փոխել։ Այսինքն, այն գործընթացները, որ Միլի Մեջլիսը կանգնեցրեց՝ ոչ մի որոշում չընդունեց, մեղքն ուզում են բարդել մեր երկրի վրա, բայց կարծում եմ, որ դա չի ստացվի։

-Բայց մինչև ՀՀ ՍԴ-ի որոշումն էլ էին թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Ղարաբաղին վերաբերող նախապայմանն առաջ քաշում։

-Բայց այդքան կոնկրետ չէր։ Հիմա ավելի շատ է դրա մասին խոսվում։ Կարծում եմ, որ այս մի քանի օրվա ընթացքում մեր Արտաքին գործերի նախարարությունն ինչ-որ պատասխան կտա նաև Էրդողանի ասածի հետ կապված, որ ի սկզբանե գործընթացը սխալ հունով է գնացել։ Դա իրե՛նց տեսակետն է։ Մենք այդ տեսակետը չենք կիսում։

-Նախագահ Սերժ Սարգսյանը Բուրսա մեկնելուց առաջ հայտարարեց, որ ֆուտբոլային խաղը դիտելու կգնա կա՛մ բաց սահմանով, կա՛մ եթե սահմանի բացմանը շատ մոտ կլինենք։ Բայց, փաստորեն, մինչև հիմա ո՛չ սահմանն է բացվել, ո՛չ էլ կարծես մոտ ենք դրան։ Ինչպես կմեկնաբանեք դա։

-Մենք ինչ-որ պետք է անեինք, արել ենք։ Մենք բոլորս էլ չէինք ակնկալում շատ արագ զարգացումներ կամ գործընթացի արագ լուծում։ Կարծում եմ, որ մենք դեռ պետք է սպասենք, զինվենք համբերությամբ, տեսնենք՝ ինչպես կզարգանան գործընթացները։

-Այսինքն, նախագահ Սարգսյանը սխալվե՞ց իր կանխատեսումներում կամ քայլերում։

-Նախագահը ոչ թե սխալվեց իր կանխատեսումներում...գիտե՞ք ինչ, քաղաքականությունում անընդհատ փոփոխվող այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որոնց արդյունքում կարող է՝ ինչ-որ բաներ փոխվեն։ Այդ առումով, իհարկե, փոփոխություններ կարող են լինել, բայց մեր նախագահն իր դիրքորոշման մեջ եղել է շատ նպատակաուղղված և շատ կոնկրետ՝ ի տարբերություն իրենց։ Կարծում եմ, որ ձգձգելու, միջազգային նորմերից դուրս գալու գործընթացներն են իրենց մոտ հիմա տեղի ունենում։

-ՀՀԿ 12-րդ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Կոնկրետ նախագահն ինչո՞ւմ է սխալվել։

-Չեմ կարծում, որ մեր նախագահը որևէ սխալ է թույլ տվել։ Ընդհակառակը։ Ինչո՞ւ եմ ասում Սահմանադրական դատարանի որոշումը, որովհետև դա թուրքական կողմին հունից հանեց, բայց մենք ինչ-որ պետք է անեինք, բոլոր պարտավորություններում եղել ենք շատ հետևողական։ Այդ առումով, իհարկե, մեր նախագահը սխալներ դեռ թույլ չի տվել։

-Իսկ Դուք Ձեր գործունեության ընթացքում սխալներ թույլ տվե՞լ եք։

-Երևի։ Ամեն մարդ էլ ինչ-որ սխալներ ունենում է։ Ես մեծ սխալների մասին եմ ասում։ Մեծ սխալները երբևէ չեն ներվում քաղաքականության մեջ, իսկ ընդհանրապես, իհարկե, ով աշխատում է, ով գործում է, նա սխալներ թույլ տալիս է։

-Այդ տրամաբանությամբ, ուրեմն, նախագահնէ էլ պետք է սխալված լինի։

-Հենց այդ տրամաբանությամբ մեր նախագահը չի սխալվել, որովհետև մենք ոչ մի դեպքում գործընթացից դեռ հետընթաց չենք արձանագրել։ Մենք ուղղակի այս ժամանակահատվածում պետք է մի քիչ սպասողական դիրք գրավենք։

-Միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը չէր վերաբերում հարցը։ Ընդհանուր գործունեության մեջ նախագահը սխալ թույլ տվե՞լ է։

-Ես չեմ տեսել այդ սխալները։ Շատ կարևոր է. ուզում եմ ասել, որ մեր նախագահը պարզապես շատ հեռատես է, և մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է անպայման հեռատես լինեն, պետք է գլոբալ նայեն հարցերին։ Բաներ կան, որ մենք չենք կարող իմանալ, և սա այն հարցն է, որով անպայման պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, դիվանագետները։ Իսկ ընդհանուր առմամբ ես դրական եմ համարում այս գործընթացների շարունակական վիճակը։ Չեմ կարծում, որ մենք նահանջել ենք որևէ քայլից։

-Եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները, և դրանք ներկայացվեն Հայաստանի խորհրդարանի վավերացմանը, Դուք կողմ կքվեարկե՞ք։

-Իհա՛րկե։

-Առանց վերապահումների՞։

-Դեռ չի եկել. երբ որ կգա, երբ որ կքննարկենք, մեզ համար պարզ կլինի։ Իհակե, մենք կողմ ենք քվեարկելու, որովհետև այդ նախաձեռնությունը ոչ միայն Հանրապետական կուսակցությանն է, ոչ միայն նախագահինը, այլ հիմնականում երկրի բնակչության մեծ մասը կողմ է այդ զարգացումներին։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը  

Այս խորագրի վերջին նյութերը