Աշխարհ

13.12.2017 10:29


Աղդամի շրջանում 400 զինվորականներ և տեղացիներ են բերման ենթարկվել` հայերի օգտին լրտեսելու կասկածանքով. Meydan TV

Աղդամի շրջանում 400 զինվորականներ և տեղացիներ են բերման ենթարկվել` հայերի օգտին լրտեսելու կասկածանքով. Meydan TV

«Վերջին մի քանի ամիսներին Աղդամի շրջանի հարյուրավոր բնակիչներ և շփման գծում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների զինծառայողներ են բերման ենթարկվել և հարցաքննվել հայերի օգտին լրտեսության կասկածանքով»,-պնդում է Գերմանիայում գործող ադրբեջանական Meydan TV ընդդիմադիր կայքը:

Վկայակոչելով IFACT.GE պարբերականի լրագրողների անցկացրած հետաքննության արդյունքները` ադրբեջանական ընդդիմադիր կայքը պնդում է, որ գարնանը շփման գծում տեղի ունեցած մի միջադեպից հետո Աղդամի շրջանի ադրբեջանական ուժերի հսկողության տակ գտնվող հատվածում դրամատիկ իրադարձություններ են ծավալվել:

Ադրբեջանական բանակի արդեն զորացրված զինծառայողներից մեկը հետաքննող լրագրողներին պատմել է. «Մի օր վաղ առավոտյան մեզ հայտնեցին, որ հենակետերից մեկում մի տղամարդու են ձերբակալել: Հետագայում պարզվեց, որ ձերբակալվածը հովիվ է, որն իր ոչխարներին էր արածեցնում դիրքերի հարևանությամբ: Մենք այդ մասին հայտնեցինք մեր հրամանատարին: Նա, սակայն, հրամայեց ազատ արձակել հովվին` նախապես նրանից մեկ ոչխար առգրավելով»։

Զինվորականը հավելել է, որ հրամանատարի այդ որոշումն առաջացրել է ենթակաների դժգոհությունը: «Զինվորները վիճեցին հրամանատարի հետ` պնդելով, որ հայ դիրքապահները կարող են տեսնել, որ եթե ռազմաճակատի այդ հատվածում ոչխարների հոտ է արածում, ապա դա նշանակում է, որ տարածքում հակահետևակային ականներ տեղադրված չեն»:

Ի վերջո, ըստ Meydan TV-ի, զինծառայողներն իրենց հրամանատարին մեղադրում են հայերի օգտին աշխատելու մեջ և զեկուցում վերադասին, ինչից հետո պաշտոնական հետաքննություն է սկսվում:

Միջադեպից մի քանի օր անց՝ մայիսի 7-ին, Ադրբեջանի Զինվորական դատախազությունը, Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունները ինչպես նաև Պետական անվտանգության ծառայությունը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ` նշելով, որ միասնական քննչական խումբ են ձևավորել` «դավաճանության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննություն անցկացնելու նպատակով»:

Ադրբեջանցի նախկին զինծառայողը, որ զրուցել է IFACT.GE կայքի հետ, պնդում է, որ հետաքննության առաջին շաբաթներին ուժայինները հարցաքննել են Աղդամի շրջանի շուրջ 400 բնակիչների և շփման գծի այդ հատվածում ծառայող զինվորականների:

«Նրանց բոլորին կասկածում էին հայկական հատուկ ծառայություններից գումար ստանալու և հակառակորդին ռազմական նշանակության տեղեկատվություն փոխանցելու մեջ», - պատմում է կայքի աղբյուրը:

Հետաքննության մեկնարկից որոշ ժամանակ անց ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են լրտեսության մեջ կասկածվող 42 անձանց ձերբակալության մասին: «Հետագայում, սակայն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հրահանգեց համացանցից հեռացնել այդ տեղեկությունները»,-գրում է Meydan TV-ին:

Հետաքննության հեղինակների պնդմամբ, հարցաքննությունների և ձերբակալությունների արդյունքում շփման գծին հարող ադրբեջանական բնակավայրերում փոխադարձ անվստահության մթնոլորտ է ձևավորվել: Տեղական իշխանության ներկայացուցիչներից մեկը լրագրողներին ասել է. «Մարդկանց, որոնց ճանաչում էի երկար տարիներ, որոնց տեսնում էի ամեն օր, հանկարծ մեղադրում են հայերի հետ համագործակցելու մեջ: Մեզ թվում էր, թե մենք գիտենք թե որտեղ է թշնամին: Պարզվում է նա ամենուր է»:

Տեղացի այդ պաշտոնյան նաև պատմել է, որ շփման գծի հարևանությամբ գտնվող միայն մեկ գյուղում` Չեմենլիում, ձերբակալել են տեղի բժշկին, նրա դստերն ու որդուն, ինչպես նաև հովիվ Մեհման Հուսեյնովին, ով մահացել է հարցաքննության ընթացքում:

«Հուսեյնովի հարազատները ցանկանում էին նրան հուղարկավորել Չեմենլիի գերեզմանատանը` հոր շիրիմի հարևանությամբ, սակայն համագյուղացիները ընդդիմացան` թույլ չտալով դա»,-գրում են հետաքննության հեղինակները:

Իսկ IFACT.GE-ի հետ զրույցում ադրբեջանցի զորացրված զինվորականը պատմել է, որ վերջերս զրուցել է Աղդամի հատվածում դեռևս ծառայող իր ընկերների հետ: «Նրանք ասում են, որ ոչինչ չի փոխվել: Հովիվները շարունակում են ոչխարներին արածեցնել դիրքերի հարևանությամբ», -նշել է կայքի զրուցակիցը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը