Աշխարհ

11.12.2017 21:22


HRW ներկայացուցիչ. «Թուրքիայում ցանկանում են վախի կայսրություն ստեղծել»

HRW ներկայացուցիչ. «Թուրքիայում ցանկանում են վախի կայսրություն ստեղծել»

Դիարբեքիրում անցկացվել է մարդու իրավունքների վերաբերյալ գիտաժողով, որին մասնակցել են Դիարբեքիրի «Մարդու իրավունքների միության» (İHD), Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի (TİHV) Դիարբեքիրի ներկայացուցչության, Դիարբեքիրի փաստաբանների պալատի, միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» (HRW) կազմակերպության ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքը: Սիմպոզիումի ժամանակ ելույթ ունեցած İHD Դիարբեքիրի մասնաճյուղի նախագահ Ռաջի Բիլիջին նշել է, որ Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները հատկապես շատացել են քրդական կարգավորման գործընթացի դադարեցման և արտակարգ դրության հայտարարումից հետո:

Իսկ HRW Թուրքիայի հարցերով զեկուցող Էմմա Սինքլեյր Վեբբը հանդես է եկել «Մարդու իրավունքների վիճակը Թուրքիայում 2017թ.» խորագրով զեկույցով: Վեբբը նշել է, որ ներկայումս Թուրքիան գտնվում է կամայականությունների փուլում. «Ձերբակալություններ, կալանավորումներ, աշխատանքից հեռացումներ, արգելքներ. կարճ ասած՝ կամայականություններ: Ցանկանում են կատարյալ վախի կայսրություն ստեղծել»:

Անդրադառնալով ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դատավարությանը՝ Վեբբը հավելել է. «Դեմիրթաշի դեմ հարուցված գործին նայելով կարելի է հակիրճ նկարագրել երկրում տիրող իրավիճակը»:

İHD անչափահասների գծով հանձնաժողովի նախագահ Ռահշան Բաթարայ Սամանն էլ նշել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո համակարգված կերպով շատացել են կտտանքների կիրառման դեպքերը: Նույնն է վկայել նաև TİHV Դիարբեքեիրի ներկայացուցիչ, փաստաբան Բարըշ Յավուզը: Իսկ HDP-ի խոսնակ Այհան Բիլգինը կարծիք է հայտնել, որ թուրքական պետությունը վախենում է կազմակերպված հասարակությունից, այդ պատճառով ճնշում է գործադրում ընդդիմադիր կուսակցությունների վրա:

«Հետ ենք պահանջում մեր աշխատանքը» կարգախոսով շարժման ակտիվիստներից Վելի Սաչըլըքն էլ ասել է. «Մեր գործունեությունը շարժում չի համարվում, մեր գոյությունը որակվում է որպես հանցանք: Մենք քուրդ ենք, ալևի ենք, դրա համար էլ մեզ հետ թշնամանում են. եթե ԱԶԿ-ից (Արդարություն և զարգացում կուսակցություն -AKP) չենք, ուրեմն ահաբեկիչ ենք»:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը