Աշխարհ

07.12.2017 11:32


Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը Թուրքիայի համար առ ոչինչ է. Թուրքիայի վարչապետ

Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը Թուրքիայի համար առ ոչինչ է. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին հայտարարությանը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Թուրքիայի կառավարության տարածած հայտարարության մեջ Յըլդըրըմը Թրամփի որոշումն անվանել է «անպատասխանատվության դրսևորում» և հայտարարել, որ դա առ չինչ է Թուրքիայի համար:

Թուրքիայի վարչապետը մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ի նախագահի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելը և դրանից բխող քայլերը Թուրքիայի Հանրապետության համար առ ոչինչ են: Այդ որոշումը ծանր հարված է Իսրայելի և Պաղեստինի հաշտության ջանքերին և Մերձավոր արևելքի խաղաղության գործընթացին: Այդ որոշմամբ տարածաշրջանում բացվեց «Պանդորայի արկղը»: Պաղեստինում և Մերձավոր արևելքում խաղաղությունն արմատախիլ անող այս որոշումն ընդունվել է քաղաքական նկատառումներից ելնելով և ամբողջությամբ անպատասխանատվության օրինակ է հանդիսանում: Խստորեն դատապարտում եմ այս որոշման հեղինակներին»:

Յըլդըրըմը տեղեկացրել է նաև, որ Թուրքիան, որպես Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախագահող երկիր, դեկտեմբերի 13-ին նախաձեռնեռնել է ԻՀԿ անդամ երկրների առաջնորդների արտահերթ գագաթաժողով: Ժողովի թեման լինելու է ԱՄՆ-ի նախագահի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչվելն ու դրա դեմ ձեռնարկվելիք քայլերը:

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը