Լրահոս

01.02.2010 17:07


Գյումրու մսամթերքի շուկայում կտրուկ բարձրացել է տավարի մսի գինը

Գյումրու մսամթերքի շուկայում արդեն մի քանի օր է, ինչ կտրուկ բարձրացել է տավարի մսի գինը, ինչը բնակչության շրջանում դժգոհության տեղիք է տվել: Այժմ շուկայում տավարի միսը կարելի է ձեռք բերել 2000 դրամով նախկին 1500-ի փոխարեն: Թանկացման պատճառը, ըստ տեղի մսագործների, գյուղերում անասնագլխաքանակի պակասն է:

«Գյուղերում միս չկա. մի կերպ ճարում բերում ենք»,- որպես արդարացում՝ նշում է գյումրեցի մսավաճառներից Գրիգոր Պողոսյանը:

Թե ինչպե՞ս պատահեց, որ ընդամենը 10 օրվա ընթացքում Շիրակի մարզի գյուղերում անասունների գլխաքանակը կտրուկ պակասեց, մսագործները հստակ պատասխան չունեն. միայն նշում են, որ եզդիները և ուրիշ այլազգիներ ինտենսիվորեն սկսել են բարձր գներով անմիջապես գյուղացիներից տավարի միս գնել և այն արտահանել Հայաստանի սահմաններից դուրս:

«Միսը դուրս են տանում: Եզդիները և մյուսները մտնում են գյուղերը, թանկով առնում են, մենք էլ չենք կարող դրանից հետո գյուղացուց էժան միս գնել»,-նշում է նույն մսավաճառը:

Մսագործները նշում են, որ տավարի միսն արժանանալու է ոչխարի մսի ճակատագրին, որը Գյումրիի շուկայում գրեթե չի ճարվում: Պատճառը մեծ գլխաքանակով ոչխարի արտահանումն է Իրան:

«Տավարի մսի հետ նույն պատմությունն է լինելու: Հիմա եթե ուզենաս ոչխարի միս գտնել, չի հաջողվի. լավագույն դեպքում կարող ես գտնել մեկ կգ-ն 4000 դրամով»,- կանխատեսում արեց գյումրեցի մսագործ Արտաշեսը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը