Աշխարհ

03.12.2017 07:43


Վեց բան Միխայիլ Սահակաշվիլիի մասին, որ դուք կցանկանայիք հարցնել վրացիներից

Վեց բան Միխայիլ Սահակաշվիլիի մասին, որ դուք կցանկանայիք հարցնել վրացիներից

Վրաստանի բնակչության մի մասի համար երկրի երրորդ նախագահը (որն այժմ բողոքի ակցիաներ է կազմակերպում Ուկրաինայում) մինչ օրս մնում է նոր Վրաստանի խորհրդանիշ՝ զերծ կոռուպցիայից և կրիմինալից, և պուտինյան Ռուսաստանի դեմ պայքարի հերոս: Վրաստանում Սահակաշվիլիի համախոհները նրան համարում են հետխորհրդային տարածքում ամենախարիզմատիկ առաջնորդը և արևմտամետ բարեփոխումների ճարտարապետ: Սակայն Սաակաշվիլիի հակառակորդների համար, որոնք քիչ չեն, նա պոպուլիստ է՝ հակված մենիշխանության և միանձնյա գործողությունների, որին չի հետաքրքրւմ ոչինչ, բացի իշխանությունից: Իր քաղաքական կենսագրության ընթացքում Սահակաշվիլին բախվել է մի շարք ճգնաժամային իրավիճակների, և դրանցից բոլորը չէ, որ հաջողությամբ է անցել:

1. Վարդերի հեղափոխություն. Ինչպե՞ս Սահակաշվիլիին հաջողվեց գալ իշխանության

Սահակաշվիլին քաղաքական կարիերան սկսել է 1995թ, երբ նա խորհրդարան անցավ իշխող «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցությունից, որի առաջնորդը նախագահ Էդուարդ Շևարդնաձեն էր: Հանուն քաղաքականության՝ Սահակաշվիլին թողեց աշխատանքը Նյու Յորքի իրավաբանական ընկերությունում: Խորհրդարանում նա դարձավ այսպես կոչված «բարեփոխիչների թևի» առաջնորդներից մեկը իշխող կուսակցության շարքերում: 2000թ. նա նշանակվեց արդարադատության նախարար՝ 33 տարեկանում դառնալով կառավարության ամենաերիտասարդ անդամը: Նախարար լինելու տարիներին բազմիցս հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Մի անգամ Սահակաշվիլին կառավարության նիստին ցույց տվեց կառավարության իր գործընկերների շքեղ պալատների լուսանկարները, ինչը սկանդալ առաջացրեց:

Սաակաշվիլին հրաժարական տվեց 2001թ.՝ նախագահ Շևարդնաձեին և նրա կառավարությանը մեղադրելով կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկության բացակայության մեջ: Նա հայտարարեց նոր «Միասնական ազգային շարժում» կուսակցություն ստեղծելու մասին, իսկ իր գլխավոր նպատակը հռչակեց հենց կոռուպցիայի դեմ պայքարը: Նրա կուսակցությունը հաղթեց Թբիլիսիի 2002թ. տեղական ընտրություններում, իսկ Սահակաշվիլին գլխավորեց քաղաքային խորհուրդը:

2003թ. նոյեմբերին՝ որպես խորհրդարանական ընտրությունները կեղծելու դեմ բողոքի նշան, հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Միխայիլ Սահակաշվիլին, որն այդ ժամանակ գլխավորում էր իր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, այն երեք քաղաքական առաջնորդներից մեկն էր, որոնք հայտնվեցին բողոքի ալիքի գագաթում: Խորհրդարանի նախկին խոսնակներ Զուրաբ Ժվանիան և Նինո Բուրջանաձեն, այդ ժամանակ առավել հմուտ և ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական գործիչներ էին, քան Սաակաշվիլին: Սակայն մարդիկ փողոցում վանկարկում էին «Միշա»:

Հենց նա վճռական պահին՝ նոյեմբերի 23-ին, գլխավորեց երթը դեպի խորհրդարան՝ նպատակ ունենալով թույլ չտալ կեղծումների արդյունքում ընտրված նոր օրենսդիր մարմնի նստաշրջանի բացումը: Մյուս առաջնորդները նրա ետևից չգնացին: Ռիսկը մեծ էր. խորհրդարանը պաշտպանում էին ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, իսկ ամբիոնից ելույթ էր ունենում նախագահ Շևարդնաձեն՝ շրջապատված մեծ թվով թիկնապահներով: Սակայն արդյունքում, ցուցարարների ճնշման տակ, Շևարդնաձեն լքեց խորհրդարանի շենքը, իսկ հետո հրաժարական տվեց: Սահակաշվիլին, որը դարձավ հեղափոխության գլխավոր առաջնորդը, 2004թ. հունվարին ընտրվեց Վրաստանի նախագահ:

2. Բարեփոխումներ Վրաստանում. ի՞նչ արվեց ըստ էության

Փոքրիկ Վրաստանում մեկ օրում աշխատանքից հեռացնել 13 հազար մարդ՝ մեծ մարտահրավեր էր ձայների 97 տոկոսով ընտրված նախագահի համար: Սահակաշվիլիի նախագահության առաջին տարիներին լրատվական թողարկումները սկսվում էին նախկին կառավարության կոռումպացված պաշտոնյաների, նախկին իշխանությունների հետ կապ ունեցող գործարարների կամ քրեական հեղինակությունների հերթական ձերբակալությունների մասին լուրերով: 2004թ. ամռանը միաժամանակ աշխատանքից հեռացվեցին ՃՈ բոլոր աշխատակիցները: Նրանց փոխարեն ստեղծվեց փոքրաթիվ, բայց բարձր վարձատրվող պարեկային ոստիկանություն, որը կաշառք չէր վերցնում և ըստ էության պայքարում էր խախտումների և հանցավորության դեմ:

Համալսարաններից հեռացվեցին մեծ թվով ծեր դասախոսներ, իսկ շնորհիվ ազգային քննություննրի ներդրման՝ հաջողվեց գործնականում Բուհերի ընդունելությունից ամբողջությամբ արմատախիլ անել կոռուպցիան։

2004թ. էկոնոմիկայի նախարարությունը գլխավորեց ռուս հայտնի ձեռնարկատեր Կախա Բենդուկիձեն, որը դարձավ Վրաստանի տնտեսական բարեփոխումների հեղինակը: Մասնավորապես, նրա խորհրդատվությամբ կտրուկ նվազեցին հարկերը, մի շարք կարգավորող մարմիններ, որոնք նախկինում կոռուպցիայի աղբյուր էին, պարզապես լուծարվեցին: Արդյունքում պետբյուջեի փաստացի եկատմուտները 2003-2012թթ. ավելացան 10 անգամ: Գրեթե նույնչափ ավելացան կենսաթոշակները՝ 2003թ. 14 լարիից (այդ ժամանակվա փոխարժեքով՝ 7 դոլար) 2012թ. հասնելով 150-ի (մոտ 90 դոլար): Այդ շրջանում Վրաստանում բացվեց Արդարադատության պալատը՝ քաղաքացիների սպասարկման հատուկ հաստատություն, որտեղ հնարավոր է արագ ստանալ անձնագիր և այլ փաստաթղթեր, գրանցել անշարժ գույք կամ բիզնես:

«Սկսած 2003թ.-ից՝ Վրաստանը բացառիկ հաջողություններ է ցուցաբերում պետական ծառայությունների ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում… Վրաստանն իր օրինակով ցույց տվեց, որ կոշտ քաղաքական կամքի առկայության և երկրի ղեկավարության համաձայնեցված գործողությունների պարագայում հաջողության կարելի է հասնել բավականին կարճ ժամանակահատվածում»,- ասվում է Համաշխարհային բանկի՝ «Կոռուպցիայի դեմ պայքարը պետական ծառայությունների ոլորտում. Վրաստանում բարեփոխումների ժամանակագրությունը» հետազոտության մեջ:

Սակայն այդ գործընացներն ունեին նաև այլ կողմ. հետհեղափոխական կառավարությունը հայտարարել էր «Զրո հանդուրժողականություն» հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում: Ինչպես տեղի իրավապաշտպանները, այնպես էլ Վրաստանի արևմտյան գործընկերները բազմիցս քննադատել են իշխանություններին դատական համակարգի ոչ բավարար անկախության համար: Արդյունքում բանտերը շատ արագ հայտնվեցին գերհագեցած վիճակում, ուղղիչ հաստատություններում առաջ եկավ բարդ իրավիճակ, պարբերաբար խախտվում էին դատապարտյալների իրավունքները: Ինչը արդյունքում զգալի դեր ունեցավ 2012թ. ընտրություններում Սահակաշվիլիի կուսակցության պարտության մեջ:

3. Ցույցի ցրումը 2007-ին․ ի՞նչ էր դա

2007թ. նոյեմբերի 7-ին ոստիկանությունը արցունքաբեր գազի և ռետինե մահակների օգնությամբ ցրեց Ռուսթավելի պողոտայում հավաքված ցույցը, որի մասնակիցները պահանջում էին նախագահի հրաժարականը: Նույն օրը հատուկ նշանակության ուժերը ներխուժեցին ընդդիմադիր գործարար Բադրի Պատրակացիշվիլիին պատկանող «Իմեդի» հեռուստաընկերություն և ուժի կիրառմամբ դադարեցրին հեռարձակումը:

Իշխանություններն այդ ժամանակ իրենց գործողություններն արդարացնում էին նրանով, որ կանխել են Ռուսաստանի կողմից ղեկավարվող հեղաշրջման փորձը: Սակայն դա նրանց չփրկեց Վրաստանի արևմտյան գործընկերների կողմից կոշտ քննադատությունից:

Այդ օրը Սահակաշվիլիին թվում էր, թե աշխարհի վերջն է: Սակայն նախագահը առճակատումը շրջեց իր օգտին. նույն օրը ելույթ ունենալով՝ նա հրաժարական տվեց և նշանակեց արտահերթ ընտրություններ, որոնցում ոչ մեծ առավելությամբ հաղթեց միավորված ընդդիմության ներկայացուցիչը:

4. Օգոստոսյան պատերազմ. ինչպե՞ս Սահակաշվիլին պահպանեց իշխանությունը՝ պարտվելով պատերազմում

Սաակաշվիլիի նախագահության ամենածանր ճգնաժամը 2008թ. օգոստոսի պատերազմից հետո էր, երբ ռուսական զինված ուժերը ներխուժեցին Վրաստան՝ ինքնահռչակ Հարավային Օսիայի հանրապետության կողմից միջամտելով Վրաստանի տարածքում հակամարտությանը:

Հենց այդ ժամանակ են նկարահանվել BBC-ի հայտնի կադրերը, որտեղ Սահակաշվիլին նյարդային շարժումներով ուղղում է փողկապը: Ավելի ուշ նա պատմել է, որ օտարերկրյա դիվանագետները և արևմտյան առաջնորդներն իրեն խորհուրդ էին տվել հեռանալ երկրից:

Սակայն երբ Թբիլիսիին արդեն իրական վտանգ էր սպառնում ռուսական զորքերի կողմից, Սաակաշվիլին Թբիլիսիի կենտրոնում հավաքեց բազմահազարանոց հանրաքավաք, որտեղ ամբիոնում նրա կողքին կանգնած էին Ուկրաինայի, Լեհաստանի, Էստոնիայի, Լիտվայի նախագահները և Լատվիայի վարչապետը:

Օգոստոսյան այդ շոգ օրերին Սահակաշվիլիի հետ հանդիպելու համար Թբիլիսի ժամանեցին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Բանակցությունների արդյունքում Սահակաշվիլին ստորագրեց կրակի դադարեցման համաձայնագիր, որով նախատեսվում էր ռուսական զորքերի հետքաշում մինչպատերազմյան դիրքերը, իսկ վրացական զորքերը՝ մշտական տեղակայման վայր: Դրանով հակամարտության թեժ փուլն ավարտվեց:

Ավելի ուշ՝ պատերազմից 2 տարի հետո, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը «Հրաշագործ Միշան» հոդվածում գրել է. «Երկու տարի է անցել այն բանից, երբ Սահակաշվիլին տանուլ տվեց պատերազմը: Այն ժամանակ բոլորը հաշվում էին նրա հրաժարականի օրերը: Սակայն նա նախկինի պես Վրաստանի անվիճելի առաջնորդն է: Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ ժողովրդականությամբ նրա հետ չի կարող համեմատվել և ոչ մի ընդդիմադիր»:

5. Իվանիշվիլիի մուտքը. ինչպե՞ս Սաակաշվիլին կորցրեց իշխանությունը

Քաղաքականություն մուտք գործելու մասին իր առաջին հայտարարությունը վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին արեց 2011թ. հոկտեմբերին: Մինչ այդ նա մնում էր բացառիկ ոչ հանրային դեմք. հարցազրույցներ չէր տալիս և գործնականում երբեք չէր երևում հանրության առաջ: Անգամ նրա լուսանկարները մինչ այդ պահը հազվադեպ էին հանդիպում:

Այդ ժամանակ արդեն ընդունվել էր նոր սահամանդրությունը, որը թույլ էր տալիս Սահակաշվիլիին ցանկության դեպքում, որքան հնարավոր է, իշխանության մնալ՝ որպես վարչապետ, իսկ նախագահի լիազորությունները կրճատվել էին: Ընդդիմությունը թույլ էր, պառակտված և ֆինանսապես անկայուն: Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ ոչ մի նշան չկար, որ «Ազգային շարժմանը» որևէ բան կխանգարի կառավարել ևս 10 տարի:

Սակայն ամենահարուստ վրացին, որը տարիներ շարունակ Վրաստանում վայելում էր բարերարի և մեկենասի համբավ, կարողացավ այնպես անել, որ Սահակաշվիլին կորցնի իշխանությունը: Իվանիշվիլին իր շուրջը հավաքեց խայտաբղետ քաղաքական ուժերի դաշինք և ստիպեց Սահակաշվիլիին մեծ թվով սխալներ թույլ տալ, օրինակ, իշխանությունները խնդիրներ ստեղծեցին նրա նոր՝ TV9 հեռուստաընկերության համար, որին մալուխային օպերատորները հրաժարվում էին հեռարձակել: Իվանիշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ «հանկարծ» նրա մոտ հայտնաբերվել էր ֆրանսիական անձնագիր, խնդիրներ առաջացան նրան պատկանող բանկի, ընկերությունների և համախոհների հետ կապված, հրապարակվում էին ձայնագրություններ, որտեղ Իվանիշվիլիի համախոհները նրա մասին վատ են արտահայտվում, իշխանություններին մոտ կանգնած հեռուստաընկերություներում ուժեղ քարոզչություն էր ընթանում այն մասին, որ Իվանիշվիլին Պուտինի նախագիծն է:

Այս ամենը հանգեցրեց միայն հակառակ արդյունքի: Վերջին ակորդը դարձավ անմիջապես ընտրություններից առաջ Իվանիշվիլիի հեռուստալիքով հրապարակված գաղտնի նկարահանումները, որտեղ երևում է՝ ինչպես են ծաղրուծանակի ենթարկում բանտարկյալներին: Այդ ամենն իր ազդեցությունը թողեց 2012թ. հոկտեմբերի ընտրությունների արդյունքի վրա. Սահակաշվիլիի կուսակցությունը 20 տարվա իշխանությունից հետո պարտություն կրեց: Իշխանության եկավ Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիան, որը Վրաստանում ղեկավարում է մինչ օրս: Իվանիշվիլիի մուտքն առաջին ճգնաժամն էր, որը Սահակաշվիլին չկարողացավ հաղթահարել:

6. Քրեական գործեր. ինչի՞ համար են հետապնդում Սահակաշվիլիին հայրենիքում

Սահակաշվիլիի դեմ քրեական գործերը, որոնք նրա համար դարձել են իշխանությունից հեռանալուց հետո հերթական ճգնաժամը, և որոնց պատճառով նա չի կարող վերադառնալ Վրաստան, հարուցվել են 4 մասով.

  1. Իշխանության չարաշահում՝ կապված 2005թ. հունվարին բանկային ծառայող Սանդրո Գիրգվլիանիի սպանության հետ (նա մահացած էր հայտնաբերվել Թբիլիսիի ծայրամասի ռեստորաններից մեկում ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ վեճից հետո): Այդ գործով դատապարտվել են ՆԳՆ 4 աշխատակից, սակայն հետո համաներմամբ ազատ են արձակվել: Քննությունը ենթադրում է, որ հենց Սաակաշվիլին է կոծկել իրական հանցագործներին:
  2. Ծառայողական լիազորությունների չարաշահում՝ կապված նոյեմբերի 7-ի ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերության ավերման հետ:
  3. Ծառայողական լիազորությունների չարաշահում ՝ կապված ընդդիմադիր պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու հետ: Հարձակվողները եղել են դիմակներով, Սաակաշվիլիի օրոք քննությունը մեղավորներին չի հայտնաբերել:
  4. Բյուջետային միջոցների վատնում: Այս հոդվածով առաջին գործը, որը հասանելի դարձավ հանրությանը, վերաբերում էր պետության հաշվին նախագահի համար 6 պիջակ գնելուն, ինչպես նաև սուշի-բարում ճաշելուն: Ավելի ուշ գործին ավելացան պետական միջոցների հաշվին հանգիստը բարձրակարգ հյուրանոցներում, այցեր կոսմետիկ կլինիկաներ, մերսում և հագուստի գնում: Ընդհանուր առմամբ ծախսերը կազմել են 8.8 մլն լարի (շուրջ 3.3 մլն դոլար): Այդ գործով կալանավորվել է Վրաստանում Սաակաշվիլիի ընտանիքին պատկանող գույքը՝ Կախեթիում նրա ամառանոցը, Սակաշվիլիի կնոջը՝ Սանդրա Ռուլոֆսին պատկանող բնակարանը, ինչպես նաև նրա տատիկի 12 տարվա Հոնդան:

Ինքը՝ Սահակաշվիլին, չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները: Այդ գործերից ոչ մեկով առայժմ չկա դատարանի որոշում: Սահակաշվիլին Վրաստանում գտնվում է հետախուզման մեջ, դատախազությունը պարբերաբար Ուկրաինայից պահանջում է արտահանձնել նրան:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը