Աշխարհ

01.12.2017 18:13


Թբիլիսիում հակաահաբեկչական գործողության ժամանակ ոչնչացվել է Ահմեդ Չատաևը

Թբիլիսիում հակաահաբեկչական գործողության ժամանակ ոչնչացվել է Ահմեդ Չատաևը

Դեկտեմբերի 1-ին Վրաստանի պետանվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հաստատել է վրաստանյան ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները այն մասին, որ նոյեմբերի 22-ին Թբիլիսիում ահաբեկիչների վնասազերծման գործողության ընթացքում ոչնչացվել է ահաբեկիչ Ահմեդ Չատաևը։ Չատաևը իրեն պայթեցրել է գրոհի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի պետանվտանգության ծառայության մամուլի քարտուղար Նինո Գիորգոբիանին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Թբիլիսիում շուրջ 20 ժամ իրականացվում էր հակաահաբեկչական գործողություն։ Քաղաքի բնակարաններից մեկում շրջապատվել էր ահաբեկիչների խումբ, որը մարտեր էր մղում իրավապահ մարմինների դեմ ամբողջ օրվա ընթացքում: Գործողության արդյունքում ոչնչացվել է 3 ահաբեկիչ, ձերբակալվել է ևս 1-ը:

Հատուկ գործողությունից հետո վրաստանյան ԶԼՄ-ներում տարածվում էին տղամարդու դիակի լուսանկարներ, որտեղ երևում էր ոտքի պրոթեզ, այդտեղից եզրակացվել էր, որ ահաբեկիչներից մեկը եղել է Ահմեդ Չատաևը. Չատաևի ձախ ոտքը և աջ ձեռքը անդամահատված էին։

Ահմեդ Չատաևը ծնվել է 1980 թվականին, Չեչնիայում։ Մասնակցել է Չեչենական պատերազմին ահաբեկիչների կողմից, 2003 թվականից հետախուզման մեջ է։ Չնայած նրան, որ հետախուզվում էր ահաբեկչության մեղադրանքով, Չատաևը ազատ տեղաշարժվել է Եվրոպայով՝ սկզբում մեկնել է Ավստրիա, հետո Շվեդիա։

Շվեդիայում նա ձերբակալվել է և մեկ տարի անցկացրել տեղի բանտում։ 2010թ. Չատաևին ձերբակալել են Ուկրաինայում, նախատեսվում էր, որ նրան պետք է հանձնեն Ռուսաստանին, սակայն Ռուսաստանի փոխարեն նրան հանձնում են Վրաստանին, որտեղ էլ մնում է բնակվելու։

2012թ. Չատաևը մասնակցել է «Լապանկուրյան գործողությանը», որի ժամանակ ահաբեկիչների և վրաստանցի ուժայինների փոխհրաձգության հետևանքով զոհվում են Վրաստանի ՆԳՆ հատուկ ստորաբաժանման զինծառայողներ, իսկ Չատաևը ձերբակալվում է։ 2013թ. Չատաևին ազատ են արձակում բանտից՝ մեղադրյալից դարձնելով վկա։ Չատաևը նաև կասկածվում է Թուրքիայում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ։ Արդեն 2015-ին Չատաևը մեկնում է Սիրիա և կռվում «Իսլամական պետության» շարքերում։

Վրաստանի պետանվտանգության ծառայությունից չեն մեկնաբանել, թե Չատաևը ինչպես է Սիրիայից ներթափանցել Վրաստան։

Հավելենք, որ նոյեմբերի 22-ի բախումների ժամանակ տուժել էին Վրաստանի ՊԱԾ և ներքին գործերի նախարարության աշխատակիցներ: Առավոտյան ծանր վիրավորվել է ՊԱԾ հատուկ գործողությունների բաժնի 41 ամյա աշխատակից, այնուհետև վիրավորվել է ևս 2 ՊԱԾ աշխատակից, վիրավորվել են նաև Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների բաժնի 2 աշխատակից:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը