Լրահոս

01.02.2010 14:50


Սոցիոլոգ. «Գազի գների թանկացման հարցը պետք է քննարկվի ԱԺ–ում որպես քաղաքական հարց»

Սոցիոլոգ. «Գազի գների թանկացման հարցը պետք է քննարկվի ԱԺ–ում որպես քաղաքական հարց»

-Ջերմակիրները կամ էլեկտրակիրները որքան փորձում են մնալ տնտեսական ոլորտում, չի ստացվում. մնում են քաղաքական ոլորտում, և գինը ձևավորվում է ոչ այնքան տնտեսական շարժառիթներով, որքան քաղաքական։ Դա կարող է դառնալ քաղաքական ճնշման լծակ,- «Հայելի» ակումբում գազի գների թանկացման մասին խոսելիս կարծիք է հայտնել «Սոցիոմետր» ՀԿ նախագահ Ահարոն Ադիբեկյանը։

Նա նշել է, որ այսօր հասարակ քաղաքացիները (հատկապես շրջաններում) գազ գրեթե չեն օգտագործում՝ բողոքելով, որ այն ավելի թանկ է, քան փայտ վառելը։

Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով պետք է կանխի գնի աճը, քանի որ գնի ձևավորումն իր ինքնարժեքից հետո բավական աճում է տարբեր առումներով։ Պետք է արագացնի նաև Պարսկաստանից գազի ներմուծումը, սակայն գազամուղի բաժնետեր է նորից Ռուսաստանը, որը հասկացել է, որ մրցակցությունը կբերի իսկական շուկայական գների գոյացման։ Երրորդը խնդիրը, որ կարող է այլընտրանքային տարբերակ լինել, ատոմակայանի կառուցումն է։

-Եվրախորհուրդը ջանքեր է թափում, որ մեզ մոտ ատոմակայան չկառուցվի։ Մենք արդեն բանակցությունների մեջ ենք հանձնաժողովի հետ, պատվեր են ուզում տալ՝ հետազոտելու հանրային կարծիքը, թե ինչպես է հանրությունը վերաբերվում նոր ատոմակայանի կառուցմանը,- ասել է նա։

Նա նշել է նաև, որ կառավարությունը ծրագիր ունի 250 մինի  հիդրոէլեկտրակայան կառուցելու, որոնք կարող են ատոմակայանի հզորության էլեկտրաէներգիա արտադրել, սակայն չոր եղանակային պայմանների դեպքում հզորությունը կնվազի։ Ա. Ադիբեկյանի  համոզմամբ՝ խնդիրն այլընտրանքային էներգակիրներ գտնելու մեջ է։

-Հիմա մեր խնդիրն այն է, որ գազի գինն այնքան իջեցնեն, որ սպառումը շատանա, որ դրանով իրենց եկամուտներն ու ծախսերը փակեն, սակայն այստեղ գնում են սովետահայկական մտածելակերպով՝ գինն են բարձրացնում՝ նվազեցնելով սպառումը։ Սպառումը նվազելու է, եկամուտներն էլ իջնելու են։ Իմաստը չեմ տեսնում. դա տնտեսական հաշվարկ չէ,- նշել է Ա. Ադիբեկյանը։

Այս առումով նա նշել է, որ գազի գների թանկացման հարցը պետք է լուծի ոչ թե զուտ տնտեսական հարցերով զբաղվող հանձնաժողովը, այլ պետք է քննարկվի Ազգային ժողովում որպես քաղաքական հարց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը