Աշխարհ

29.11.2017 19:44


Խորվաթ գեներալը թույն է խմել Հաագայի դատարանում՝ 20 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո (տեսանյութ)

Խորվաթ գեներալը թույն է խմել Հաագայի դատարանում՝ 20 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո (տեսանյութ)

Մարդկության դեմ իրագործած հանցագործությունների մեջ մեղադրվող խորվաթ գեներալը ցնցել է Հաագայի դատավորներին՝ հենց դատարանի դահլիճում թույն խմելով:

Նման բան Հագան դեռ չէր տեսել: Սլոբոդան Պրալյակը, նախկին խորվաթ գեներալը, ով բոսնիացիների դեմ ազգային մաքրազտումներ իրականացնելու համար Հաագայում ՄԱԿ-ի դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտվեց, լսելով դատավճիռը, տեղում թույն խմեց եւ մեկ ժամ անց մահացավ:

Դատարանը դեռ կպարզի, թե ինչպես է դատապարտյալի ձեռքը թույն հայտնվել, սակայն, մարդկության դեմ հանցանքների համար դատապարտված գեներալի քայլն ինքնին բուռն քննարկումներ առաջացրեց ինչպես Պրալյակի հայրենի Խորվաթիայում, այնպես էլ՝ հանցագրոծություններից տուժած Բոսնիայում:

«Ամբողջ Խորվաթական պետությունը փորձում են հանցավոր խմբավորում հռչակել», - Խորվաթիայի խորհրդարանի անդամ Միրո Բուլջը համաձայն չէ դատավճռի հետ: - «Մենք ընդամենը պայքարել ենք սերբ ագրեսորների դեմ, ովքեր եկել էին ուղիղ Սերբիայից»:

Հաագայի տրիբունալի կազմում նախկին Հարավսլավիայի գործով հատուկ ստեղծված դատարանը նախատեսում է վերջնականապես փակել անցած պատերազմի էջը: Գեներալ Պրալյակին մեղավոր են ճանաչել հիմնականում բոսնիացիներով բնակեցված Մոսթար քաղաքում իր հրամանատարության տակ գտնվող զինվորների կողմից քաղաքի բնակիչներից շատերին սպանելու, բանտարկելու իսկ կանանց նաեւ ծեծի ենթարկելու մեղադրանքով:

Այսօր Սլոբոդան Պրալյակի գործողություններից տուժած բոսնիացիները ցանկանում են անցյալը պատմության մեջ թողնել եւ առաջ շարժվել, ասում է բոսնիացի Իբրահիմ Բադզակը.

«Միգուցե, դատավճիռները պետք է ավելի ծանր լինեին, սակայն, սա էլ ընդունելի է: Մենք ցանկանում ենք փակել այս էջը: Դատապարտվել են պատերազմի հանցանքներ իրականացնողները, ոչ թե ամբողջ խորվաթ ժողովուրդը»:

Ընդհանուր առմամբ, նախկին Հարավսլավիայի գործող դատարանը դատապարտել է 90 մարդ՝ տարբեր կողմերից էթնիկ զտումներ եւ պատերազմի հանցագործություններ իրականացնելու համար: Գեներալ Սլոբոդան Պրալյակի հետ դատապարտվել է եւս հինգ պատերազմի հանցագործ՝ 10-25 տարվա ազատազրկման: Այսպիսով, նախկին Հարավսլավիայի պատերազմի էջը փակված է, եթե ոչ պատմական, ապա գոնե՝ իրավական տեսակետից:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը