Աշխարհ

28.11.2017 10:15


ԱՄՆ-ին նյարդայնացնում է թուրք-իրանական համագործակցության փաստը

ԱՄՆ-ին նյարդայնացնում է թուրք-իրանական համագործակցության փաստը

Թուրքիան քննադատել է սիրիական ինքնապաշտպանական ջոկատներին՝ քրդական խռովությանը աջակցելու համար: Թուրքական կողմին զայրացնում է նաև քրդական զորամիավորումների աջակցությունն ԱՄՆ-ի կողմից, որոնք, ըստ Թուրքիայի, հանդիսանում են ահաբեկչական խմբավորումներ:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն սպառնացել է Արևմտյան այն տերություններին, որոնց գործողությունները կհակասեն Թուրքիայի շահերին:

Այս կոշտ հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու մեկնաբանությունը, որ ԱՄՆ-ը կսովորի հարգալից խոսել Թուրքիայի հետ:

Չնայած հակաամերիկյան այս հռետորաբանությունը բնորոշ է նախագահ Էրդողանի AKP կուսակցությանը վերջին երկու տարիների ընթացքում, հատկապես նախընտրակայն շրջաններում, փորձագետների կարծիքով, նման հռետորաբանությունը երկու դաշնակիցների հարաբերություններում խորը ճգնաժամի առկայության ու փոխվստահության բացակայության ապացույց է:

Թուրքիայի մի շարք նախարարներ կոչ են արել Վաշինգտոնին վերջ տալ զենքի մատակարարումը քրդական զորամիավորումներին՝ ընդգծելով, որ ամերիկյան կողմը պարտավորվել է դադարեցնել քրդերի զինումը: Սակայն ամերիկյան կողմը չի հաստատել այս տեղեկությունը: Սպիտակ տունը հաղորդել է, որ նախագահ Թրամփը տեղեկացրել է նախագահ Էրդողանին, որ ԱՄՆ-ը փոփոխություններ է մտցնում Սիրիայում իր գործընկերներին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում՝ հաշվի առնելով Ռաքքայի գործողության ավարտն ու Դաեշ-ի դեմ պայքարի ընթացքը:

Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմն իր հերթին կոչ է արել ամերիկյան կողմին հետ վերցնել քրդերին տրամադրած զենքերը: Ըստ վարչապետի, ԱՄՆ-ը խոստացել էր անել դա:

Սիրիական հարցում երկու պետությունների հակասությունների հետ մեկտեղ առկա են նաև այլ խնդիրներ, որոնցից են ազգությամբ թուրք, իրանցի Ռեզա Զարաբիի դեմ դատավարությունը Նյու Յորքում, ով մեղադրվում է Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ: Թուրքական կողմը այն դիտարկում է որպես հակաթուրքական գործողություն:

Այս դատավարությունն ընթանում է սիրիական և տարածաշրջանային հարցերում թուրք-իրանական համագործակցության ներքո: Երկու երկրներն աշխուժացրել են առևտուրը Քաթարի հետ՝ Սաուդյան Արաբիայի ու վերջինիս դաշնակիցների կողմից Քաթարին շրջափակելու փորձերին հակազդելու համար: Թուրք-իրանական համագործակցությունը դժկամությամբ կընդունվի Վաշինգտոնում, որը Թուրքիային դիտարկում է որպես տարածաշրջանում իրանական ազդեցությանը հակազդելու հիմնական գործոն:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը