Աշխարհ

27.11.2017 12:43


Էրդողանը՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդին. «Եթե ապացուցես, հրաժարական կտամ»

Էրդողանը՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդին. «Եթե ապացուցես, հրաժարական կտամ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է օֆշորային գոտում իր հարազատների ունեցած ընկերությունների մասին՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությանը:

Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ Էրդողանը, հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել նախագահի պաշտոնից ու դուրս գալ քաղաքականությունից, եթե ընդդիմության առաջնորդը ապացուցի ասածները:

Ստամբուլում «Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի» թեմայով մի միջոցառման ժամանակ ելույթ ունեցած Էրդողանը մասնավորապես ասել է. «Ասում է, (նկատի ունի Քըլըչդարօղլուին-EH) թե երեխաներս, եղբայրս, քենակալս ու խնամիս միլիոններ են ուղարկել արտերկիր: Ավելի վաղ էլ պնդել էր, թե ես 3 մլրդ դոլար գումար ունեմ: Հիմա հարցնում եմ այդ անձին, որի անունը (Քըլըչդարօղլու-EH) նույնիսկ չեմ ուզում արտասանել, եթե պնդումներիդ վերաբերյալ փաստաթղթեր ունես, ներկայացրու ժողովրդին և ես կանեմ անհրաժեշտը: Եթե չապացուցես, պետք է հրաժարվես քաղաքականությամբ զբաղվելուց: Եթե ապացուցես, կթողնեմ և՛ քաղաքականությունը, և՛ նախագահի պաշտոնը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել էր, որ Էրդողանի ընտանիքն ու հարազատները օֆշորային գոտում միլիոնավոր դոլարների ներդրում են արել:

«Սիրելի՛ Էրդողան, ես քեզ հարց եմ տալիս: Գիտե՞ս, որ երեխաներդ, եղբայրդ, քենակալդ, խնամիդ ու նախկին գլխավոր գրագիրդ միլիոնավոր դոլարներ են ներդրել մի ընկերության մեջ, որը գտնվում է օֆշորային գոտում»,- մասնավորապես ասել էր Քըլըչդարօղլուն նոյեմբերի 21-ին ԺՀԿ-ի կուսակցական ժողովում ունեցած ելույթի ժամանակ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը