Աշխարհ

23.11.2017 16:30


ՆԱՏՕ-ի շտաբում Ալիևն ու Սթոլթենբերգը քննարկել են ԼՂ հարցը (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի շտաբում Ալիևն ու Սթոլթենբերգը քննարկել են ԼՂ հարցը (տեսանյութ)

Նոյեմբերի 23-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Կողմերը նշել են, որ Բաքուն կավելացնի Աֆղանստանում Հյուսիսատլանտյան Դաշինքի և գործընկեր պետությունների առաքելությանը մասնակից ստորաբաժանման թվաքանակը:

Ստոլտենբերգը և Ալիևը հանդիպման ընթացքում անդրադարձել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև Արցախյան հակամարտությանը, հայ-ադրբեջանական հարաբերություններին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ բացառելով ռազմական լուծման հավանականությունը:

Անդրադառնալով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների «Վճռական աջակցություն» առաքելությանը՝ թե՛ Ալիևը, թե՛ Ստոլտենբերգն ընդգծել են, որ Ադրբեջանը կավելացնի իր ստորաբաժանման թվաքանակը: Սակայն չի նշվել, թե Բաքուն ինչքանով ավել զինծառայող կուղարկի Աֆղանստան:

Ալիևը նաև խոսել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության համար օգտագործելու հավանականությունից: Բաքուն առաջարկում է իր տարածքով փոխադրումներ կատարել:

Այցի ընթացքում Իլհամ Ալիևը կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի խորհրդի նիստին: Այդ ընթացքում ևս, հավանաբար, կքննարկվի աֆղանստանյան առաքելությանը Բաքվի մասնակցության հարցը:

Աֆղանստանում ներկայում կա Ադրբեջանի Զու 94 զինծառայող, այդ թվում՝ 2 ռազմաբժիշկ և 2 ինժեներ: Հայաստանի խաղաղապահները առաքելությանը մասնակցում են 126-131 հոգանոց, Վրաստանը՝ 900 հոգանոց անձնակազմերով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից պետությունների ՊՆ ղեկավարների ձևաչափով հանդիպմանը վերահաստատել էին առաքելությանն իրենց մասնակցությունը:

ՆԱՏՕ-ն նախատեսում է Աֆղանստանում իր զորքերի թվաքանակն ավելացնել 3 հազարով՝ հասցնելով առնվազն 15 հազարի:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը