Աշխարհ

22.11.2017 16:36


Թուրքիան շարունակում է ցամաքային սահմանի երկայնքով պատի կառուցումը

Թուրքիան շարունակում է ցամաքային սահմանի երկայնքով պատի կառուցումը

Թուրքիան շարունակում է պատի և փշալարերի կառուցումը Իրանի հետ սահմանին, մասնավորապես՝ Աղրըի (Արարարատ) և Իգդիրի նահանգներում: Ըստ Թուրքիայի ներիքն գործերի նախարարի՝ հիմնականում այս հատվածներով են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները ներթափանցում Արարատ և Թոնդրակ լեռների շրջաններ: Այս մասին Սուլեյման Սոյլուն հայտնել է խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ:

Թուրք նախարարը նշել է, որ այս պահին ընթանում են Թուրքիայի ցամաքային սահմանի երկայնքով 144 կմ երկությամբ մոդուլային բետոնե պատի, փշալարերի տեղադրման և հսկիչ երթուղու կառուցման աշխատանքներ:

Թուրքական կողմը արդեն սկսել է նշվածից 70 կմ-ի շինարարությունը և այն նախատեսում է «արագ» ավարտել: Սուլեյման Սոյլուն նշում է, որ այս պահին առանձնահատուկ կարևորություն ունի Իրանի հետ սահմանին՝ հատկապես նշված Աղրը (Արարատ) և Իգդիր նահանգների հատվածում սահմանը լավ փակելը:

Թուրք նախարարը նաև տեղեկություն է տրամադրել ավելի վաղ՝ 2015-2017 թթ. Թուրքիայի ողջ ցամաքային սահմանի երկայնքով, մասնավորապես՝ Սիրիայի հետ սահմանին պատի կառուցման մասին: Հայտարարությունից պարզ է դառնում, որ ՊՆ-ից բացի պատ և փշալարարեր կառուցել են նաև նահանգապետարանները, որոնք ՆԳՆ-ի վերահսկողության տակ են:

Նշված ժամանակահատվածում նահանգապետարանները կառուցել են 90 կմ երկարությամբ մոդուլային բետոնե պատ, 44 կմ սահմանային փշալար: Սրանից բացի Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ համաձայնության շրջանակներում կառավարությանը կից բնակարանաշինության վարչությունը (TOKİ) կառուցել է 761 կմ բետոնե պատ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին ստացված տվյալների համաձայն՝ միայն Սիրիայի հետ սահմանին ՊՆ-ի պատվերով կառուցվել է 688 կմ երկարությամբ պատ: Չի բացառվում, որ իրականում թուրք-սիրիական սահմանի պատն ավելի երկար է, եթե հաշվի առնենք նաև նահանգապետարանների կառուցածները: Երկու պետությունների ցամաքային սահմանի ընդհանուր երկարությունը 911 կմ է:

Ավելացնենք, որ, ավելի վաղ հրապարակված տեղեկությունների համաձայն, Թուրքիան նախատեսում է պատ կառուցել նաև Հայաստանի հետ սահմանին:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը