Աշխարհ

21.11.2017 14:50


Վանում հրաժարվում են ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները

Վանում հրաժարվում են ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները

Վանի նահանգի Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանը հրաժարվում է կատարել Թուրքիայի Մշակույթի և Զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշի հանձնարարությունը՝ ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները:

Մասնավորապես, քաղաքապետարանի՝ պետության կողմից նշանակված հոգաբարձու Աթըֆ Չիչեքլին հայտարարել է, որ վերոնշյալ շինությունները չեն քանդվելու՝ պնդելով որ այդ վայրում հայկական գերեզմաններ չկան:

«Որևէ կառույց չենք ապամոնտաժել և չենք էլ ապամոնտաժելու: Այստեղ հայկական գերեզմանոց չկա: Թեմային հետևող բոլոր մարդկանց հայտնում եմ, որ բնության հրաշք հանդիսացող այս վայրը մենք ավելի կգեղեցկացնենք»,- ասել է Չիչեքլին:

Հիշեցնենք, որ Արտամեդի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:

Իսկ օրեր առաջ Թուրքիայի Մշակույթի և Զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Վանում հայկական գերեզմանոցի վրա կառուցված այդ կառույցները պետք է ապամոնտաժվեն:

Նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա փորփրել ու ավիրել են տեղանքը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը