Աշխարհ

18.11.2017 11:21


Վաշինգտոնում Աստվածաշնչի թանգարան է բացվել (տեսանյութ)

Վաշինգտոնում Աստվածաշնչի թանգարան է բացվել (տեսանյութ)

Աստվածաշնչի թանգարանն այցելուներին ներկայացնում է Սուրբ գրքի տարբեր երանգները՝ աստվածաշնչային երգեր, տեքստեր, նույնիսկ՝ նորաձեւություն: Թանգարանի տնօրեն Թոնի Զեյսը համոզված է՝ Աստվածաշունչն օգնում է մեզ կողմնորոշվել առօրյա կյանքում.

«Մենք կենտրոնանում ենք Սուրբ գրքի պատմության, բովանդակության եւ ազդեցության վրա, ցանկանում ենք, որ մեր այցելուներն ավելի լավ ճանաչեն այս հրաշալի գիրքը»:

Բոլորի համար անվճար մուտքով այս հսկայական թանգարանում այցելուներին առաջարկում են միաժամանակ կրթվել եւ զվարճանալ: Այցելուները կարող են նույնիսկ մի պահ հայտնվել վերակառուցված Նազարեթ քաղաքում, որտեղ ծնվել էր Հիսուսը:

«Մենք փորձել ենք ստեղծել մի մթնոլորտ, որտեղ մտնելիս դուք զգաք, թե հայտնվել եք 2000 տարի առաջ», - ասում է թանգարանի փոխտնօրեն Սեթ Փոլինգերը:

Թանգարանի հիմնադիրն է աշխարհում խոշորագույն՝ ամերիկյան Hobby Lobby արվեստի եւ արհեստի խանութների ցանցի սեփականատեր Սթիվ Գրինը.

«Մենք հավատում ենք, որ Սուրբ գրքում գրվածն իրականություն է, սակայն մենք փորձում ենք այստեղ ներկայացնել միայն Աստվածաշնչի փաստերը»:

Աստվածաշնչի թանգարանի բացումն անհանգստացրել է այլ դավանանքների ներկայացուցիչներին: Ջորջթաունի համալսարանի դասախոս Ջաք Բերլիներբրաուի կարծիքով, թանգարանն ունի թաքնված նպատակ.

«Անհավատալի կլիներ կարծել, թե թանգարանը չի փորձում մարդկանց շրջանում Աստծո խոսքի որոշակի մեկնաբանություն քարոզել»:

Թանգարանի աշխատակիցները փոխարենը կոչ են անում բոլորին այցելել թանգարան, որի մուտքն անվճար է բոլորի համար, եւ ինքնուրույն որոշել, թե որն է Աստվածաշնչի թանգարանի նպատակը:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը