Աշխարհ

17.11.2017 17:16


Միանմարի զինվորները խմբակային սեռական բռնություն են կիրառում

Միանմարի զինվորները խմբակային սեռական բռնություն են կիրառում

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ Միանմարի զինվորները սեռական բռնությունների միջոցով փորձում են ահաբեկել ռոհինգյա մահմեդականների կանանց եւ աղջիկներին:

«Ինձ հետ զրուցած կանանց եւ աղջիկների մեծ մասը զինվորականների կողմից ենթարկվել են խմբակային բռնաբարությունների», - պատմում է Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Սքայի Ուիլերը:

Փորձելով հակազդել համատարած բռնաբարություններին՝ իրավապաշտպանները հատուկ տեսագրություն են պատրաստել, որտեղ ռոհինգյա կանայք պատմում են իրենց հետ տեղի ունեցածի մասին:

«Ես եւ քույրս փորձեցինք փախչել, սակայն զինվորները մեզ բռնեցին եւ բռնաբարեցին մեր տան բակում», - պատմում է զոհերից մեկը:

Human Rights Watch-ի զեկույցը հրապարակվել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Միանմար կատարած այցից անմիջապես հետո: Խուսափելով «էթնիկ զտումներ» սահմանումից, Թիլերսոնն այնուամենայնիվ լուրջ մտահոգություն արտահայտեց.

«Միացյալ Նահանգները ողջունում է կառավարության որոշումը թույլ տալ փախստականներին վերադառնալ իրենց տները եւ կառավարության պատրաստակամությունն՝ աջակցելու նրանց տնտեսական զարգացմանն ու իրավունքների պաշտպանությանը»:

Միանմարի առաջնորդ Ունգ Սան Սու Չին հերքում է իր հասցեին հնչող քննադատությունը.

«Այնտեղ տարբեր համայնքներ են բնակվում, եւ մենք չենք կարող մեկ հայտարարությամբ նրանց միմյանց դեմ լարել: Պետք է շատ զգույշ գնահատենք մեր խոսքերը»:

ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով, Միանմարի դեմ տնտեսական պատժամիջոցներն այս պահին նպատակահարմար չեն, սակայն երկրի Կոնգրեսը կարող է այլ մոտեցում ցուցաբերել: Մասնավորապես, ամերիկյան օրենսդիրներն, ի պատասխան Միանմարի իշխանությունների գործողությունների, կարող են արգելափակել այդ երկրի հետ ռազմական համագործակցությունն ու թանկարժեք քարերի ներկրումը, ինչը դեռեւս 2016-ին թույլ էր տվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը