Աշխարհ

17.11.2017 10:02


37-ամյա բռնապետության ավարտը

37-ամյա բռնապետության ավարտը

Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում իրադրությունը հսկողության տակ վերցրած զինվորականների և նախագահ Ռոբերտ Մուգաբեի միջև բանակցությունները շարունակվում են:

Շուրջ 4 տասնամյակ երկրի իշխանությունը վերցրած Զիմբաբվեի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն և նրա ընտանիքի անդամները չորեքշաբթի օրը տնային կալանքի են ենթարկվել մայրաքաղաք Հարարեում:

Մուգաբեի առանձնատունը շրջափակման մեջ վերցրած զինվորականները գրավել են նաև երկրի պետական հեռուստատեսութունը և ուղիղ եթերով դիմել ժողովրդին՝ վստահեցնելով, որ սա հեղաշրջում չէ, այլ քայլ, որն ուղղված է Զիմբաբվեում ժողովրդավարության վերահաստատմանը:

Զինվորականների հետ բանակցությունների ընթացքում, Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն նշել է, որ հրաժարվում է պաշտոնաթող լինել՝ պնդելով, որ իշխանությունից կհեռանա միայն այն դեպքում, եթե տանուլ տա «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային պետություն- Հայրենասիրական ճակատ» կառավարող կուսակցության ղեկավարի ընտրություններում:

Հիշեցնենք, որ աշխարհի ամենաերկարակյաց բռնակալը համարվող 93-ամյա Ռոբերտ Մուգաբեն, Արևմուտքի և համընդհանուր ընտրական իրավունքի կողմնակիցների ճնշման ներքո, պարտության մատնեց Ռոդեսիայի սպիատկամորթ փոքրամասնությանն ու հայտնվեց երկրի իշխանության ղեկին 1980 թվականին՝ նախ որպես վարչապետ, ապա՝ որպես նախագահ:

Նշենք, որ այդ տարիներին Զիմբաբվեն դասվում էր Աֆրիկայի ամենազարգացած երկրների թվին, սակայն այսօր այն աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է:

2008 թվականի տնտեսական ճգնաժամից առայսօր ծանր սոցիալ-տնտեսական պայմանների արդյունքում միլիոնավոր զիմբաբվեցիներ լքել են երկիրը ու ապաստան ստացել Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

Վերջին ամիսներին Զիմբաբվեում ներքաղաքական իրավիճակն ավելի սրվեց հատկապես այն բանից հետո, երբ Մուգաբեն հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում սատարելու է իր կնոջը՝ Գրեյս Մուգաբեին՝ նրա մրցակից, Զիմբաբվեի նախկին փոխնախագահ և հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Էմմերերսոն Մնանգագվայի փոխարեն:

Ներկայումս, Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում իրադրությունը հսկողության տակ վերցրած զինվորականների և Ռոբերտ Մուգաբեի հետ բանակցությունները շարունակվում են:

Գեներալ մայոր Սիբուսիսո Մոյոն հեռուստատեսային իր ուղերձում նշել է, որ բանակը երաշխավորում է նախագահ Ռոբերտ Մուգաբեի և նրա կնոջ անվտանգությունը և ավելացրել, որ իրենց նպատակն է պատասխանատվության ենթարկել Մուգաբեին շրջապատող հանցագործներին:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը