Աշխարհ

16.11.2017 17:34


Թուրքիայի բնակչության մեծ մասը բացասական ակնկալիքներ ունի ապագայից

Թուրքիայի բնակչության մեծ մասը բացասական ակնկալիքներ ունի ապագայից

Միջազգային հետազոտություններով զբաղվող «IPSOS» ընկերությունը հուլիս-օգոստոս ամիսներին ուշագրավ սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության մեծ մասը թե սեփական կյանքի, թե երկրի և թե ողջ աշխարհի ապագայից բացասական ակնկալիքներ ունի:

Թուրքական «HaberTürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ օնլայն հետազոտությանը մասնակցել է 26.489 մարդ աշխարհի 28 երկրներից: Մասնակիցներին հարցեր են ուղղվել գլոբալ զարգացումների նկատմամբ նրանց վերաբերմունքի, ապագայից սպասելիքները և ողջ աշխարհին մտահոգող թեմաների վերաբերյալ:

Հարցվածների 27 տոկոսի կարծիքով՝ առաջիկա 15 տարում ողջ աշխարհում կյանքի որակը էապես չի փոխվի, 29 տոկոսի կարծիքով՝ ավելի կվատթարանա, իսկ 35 տոկոսի կարծիքով՝ կբարելավվի:

Իսկ Թուրքիայի բնակիչների 43 տոկոսը նշել է, որ աշխարհում առաջիկայում կյանքի պայմաններն ավելի կվատանան, 28 տոկոսի կարծիքով՝ կլավանան, իսկ 25 տոկոսի կարծիքով՝ նույնը կմնան: Առաջիկա 15 տարիներին սեփական կենսապայմանների վերաբերյալ հարցին Թուրքիայի բնակչության 43 տոկոսը լիահույս և դրական պատասխան է տվել, 26 տոկոսը տեսակետ է հայտնել, որ իր կենսապայմանները ավելի կվատանան, իսկ 27 տոկոսը համոզված է, որ առաջիկա 15 տարիներին ոչինչ չի փոխվի: Այս երկրի բնակիչների 46 տոկոսը բացասական ակնկալիքներ ունի նաև կոնկրետ Թուրքիայի ապագայի վերաբերյալ: 34 տոկոսը կարծում է, որ երկրի վիճակը կբարելավվի, իսկ 18 տոկոսի կարծիքով՝ նույնը կմնա:

Ֆրանսիայի, Բելգիայի և մյուս եվրոպական երկրների բնակիչները մեծ մասամբ հակված են այն տեսակետին, թե առաջիկա 15 տարում թե ողջ աշխարհում կյանքի պայմանները, թե իրենց սեփական կենսապայմանները ավելի կվատթարանան:

Ապագայից բացասական ակնկալիքները թե Թուրքիայում, թե ողջ աշխարհում, վերաբերում են նաև կյանքի առանձին ոլորտների վիճակին:Այսպես օրինակ, Թուրքիայի բնակչության 48 տոկոսի կարծիքով՝ նշված ժամանակահատվածում երկրում կրթության որակը կվատթարանա: Այսպիսով, Թուրքիան կրթության համար ամենաշատ մտահոգություն հայտնած երկիրն է հետազոտության մասնակիցների շրջանում:

Թուրքիան առաջատար է նաև ազգային անվտանգության հետ կապված մտահոգությունների առումով. այս երկրի բնակչության 61 տոկոսը համոզված է, որ առաջիկա 15 տարում միջազգային ասպարեզում անվտանգությունն էլ ավելի խոցելի կդառնա, բախումները կշատանան: 28 երկրներից հարցմանը մասնակցածների 43 տոկոսը ևս միջազգային անվտանգության տեսակետից բացասական ակնկալիքներ ունի:

«IPSOS» սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Օզլեմ Բորան, ամփոփելով հետազոտության արդյունքները, նշել է որ ընդհանուր առմամբ ապագայի նպատմամբ առավել հոռետեսական են տրամադրված հատկապես զարգացած երկրների բնակիչները: Իսկ զարգացող երկրների քաղաքացիներն ապագայից ավելի դրական ակնկալիքներ ունեն: Չնայած դրան, զարգացող երկիր համարվող Թուրքիայում դրսևորվել է զարգացած երկրներին բնորոշ հոռետություն, ընդ որում, ամենամեծ խնդիրն ու մտահոգությունը թե Թուրքիայում, թե ողջ աշխարհում, մնում է ահաբեկչությունը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը