Աշխարհ

14.11.2017 16:26


ԱՄՆ-ում հանրապետականներն առերեսվում են նոր սկանդալների հետ

ԱՄՆ-ում հանրապետականներն առերեսվում են նոր սկանդալների հետ

ԱՄՆ-ի Սենատի հանրապետական թեկնածու Ռոյ Մուրը հայտնի է իր ծայրահեղ պահպանողական հայացքներով, հատկապես սեռական բնույթի հարցերում:

«Անբարոյականությունը, աբորտները, սոդոմիան ողողել են մեր երկիրը»,- ասում էր Մուրը:

Սակայն վերջերս մի քանի կանայք մեղադրեցին հանրապետական թեկնածուին սեռական ոտնձգությունների մեջ, որոնք տեղի էին ունեցել մի քանի տասնամյակ առաջ, երբ նրանք անչափահաս էին, իսկ Մուրն՝ իր կյանքի երրորդ տասնամյակում: Այս տեղեկությունը ցնցեց հանրապետականների ճամբարը:

Քաղաքական մեծամասնությունն այս պահին ամեն ջանք է գործադրում՝ հարկային բարեփոխումների իր առաջ քաշած փաթեթն ընդունելու ուղղությամբ: Այս զարգացումները կարող են զգալիորեն վնասել հանրապետականների ջանքերը:

«Եթե այս տեղեկություններում անգամ մասամբ առկա է ճշմարտություն, Մուրը պետք է անմիջապես հեռանա»,- նշում է սենատոր Ֆլեյքը:

Ռոյ Մուրը երկու անգամ զբաղեցրել է Ալաբամա նահանգի գլխավոր դատավորի պաշտոնը և երկու անգամ էլ հեռացվել է պաշտոնից. առաջին անգամ, երբ հրաժարվեց պետական մի շենքից հեռացնել «Տասը պատվիրաններ» արձանը երկրորդ անգամ, երբ հրաժարվեց ճանաչել միասեռականների ամուսնությունն օրինականացնելու մասին օրենքը։

Եվ այս վերջին սեռական բնույթի սկանդալները մեծ հարված են Մուրի քարոզարշավին:

«Ես երբեք մեղավոր չեմ ճանաչվել որևէ մեկի նկատմամբ սեռական ոտնձգության համար: Նման մեղադրանքների առաջքաշումը ընտրություններից առաջ անհավատալի է»,- հայտարարել է Մուրը:

Նախագահ Թրամփի թիմը սակայն չի թողել Մուրին միայնակ՝ նշելով, որ չափազանց վտանգավոր է մարդուն որակել մեղավոր՝ հենվելով միայն մամուլի հաղորդման վրա:

Սակայն հանրապետական օրենսդիրները պառակտված են՝ Մուրին աջակցելու հարցում: Խնդրի մասին խոսել է նաև Մուրի դեմոկրատ մրցակիցը:

«Սա նրա խնդիրն է, և կարծում եմ նա պետք է պատասխանի հարցերին: Ալաբամայի ժողովուրդը պետք է ստանա պատասխաններ»,- ասել է դեմոկրատ Դոգ Ջոնսը։

Այս պահին Սենատում հանրապետականներն ունեն ընդամենը երկու ձայնի առավելություն դեմոկրատների նկատմամբ: Ալաբամայի հաղթանակը կարող է հավասարեցնել ձայներն ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատում:

Հանրապետականներն այս պահին դժվար կացության մեջ են: Ալաբամա նահանգում սենատորի աթոռի համար պայքարում թե՛ պարտությունը և թե՛ հաղթանակը խնդրահարույց է քաղաքական մեծամասնության համար, քանի որ Մուրի թեկնածությունը միանշանակ չի ընկալվում հանրապետական բոլոր օրենսդիրների կողմից:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն

Այս խորագրի վերջին նյութերը