Աշխարհ

14.11.2017 07:41


«Ադրբեջանական ավիաուղիները» Boeing ընկերությունից 7 ինքնաթիռ է գնում

«Ադրբեջանական ավիաուղիները» Boeing ընկերությունից 7 ինքնաթիռ է գնում

«Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ն Boeing կորպորացիայի հետ համաձայնագիր է ստորագրել հինգ B787-8 Dreamliner և երկու B747-8F (կամ B777F) ինքնաթիռ գնելու մասին:

Նոր ինքնաթիռներն, ինչպես հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը, 1,9մլրդ դոլար կարժենան: Ինքնաթիռներն Ադրբեջան կբերվեն ենթադրաբար 2019-2020թթ-ին:

Ավիաուղիների նախագահ Ջահանգիր Ասքերով.

«787 Dreamliner լրացուցիչ ինքնաթիռների պատվերի ձևակերպման որոշումը զգալիորեն կընդլայնի մեր ավիաընկերության հնարավորությունները. նոր ինքնաթիռների ձեռքբերումը մեզ կօգնի ընդլայնել թռիչքների աշխարհագրությունն ու պատրաստվել աճող ուղևորահոսքին»:

«Ադրբեջանական ավիաուղիներն» Ադրբեջանի ազգային փոխադրողն է և միակ ադրբեջանական ավիաընկերությունը, որը հայտնի է իր բարձր գներով: Եվ որպես ազգային փոխադրող օգտվում է պետության դոտացիաներից և արտոնություններից:

Նաթիկ Ջաֆարլի, տնտեսագետ.

«Էլ չենք խոսում այն մասին, որ այդ պայմանագիրն Արևմուտքին «կաշառք տալու քաղաքակիրթ ձև» է, ոչ մի իմաստ չկա այդքան փող ծախսել մի ընկերության վրա, որն այդքան վատ է կառավարվում»:

Թորգուլ Մաշալի, տնտեսագետ.

«Ադրբեջանական ավիաուղիները ձգտում են «նորացված» ընկերության համբավ ստեղծել՝ հպարտությամբ հայտարարելով, որ ինքնաթիռների շատ երիտասարդ պարկ ունեն. միջինում 9,5 տարի: Նույնիսկ իր լոուքոսթ-բրենդերի համար նրանք նոր ինքնաթիռներ են գնել, սակայն սովորաբար այդպես չեն անում:

Ինչ վերաբերում է «նորացման նման ռազմավարության» հետևանքներին, տոմսերի գները կամ կբարձրանան, կամ նույն մակարդակի վրա կմնան»:

  • Ադրբեջանական ավիաընկերության ընդհանուր երթուղային ցանցը կազմում է 40 նշանակետ 25 երկրում:
  • 2016թ-ին «Ադրբեջանական ավիաուղիներն» ավելի քան 2 մլն ուղևոր են փոխադրել:
  • Ընկերությունը շահագործում է Boeing 787 Dreamliner, Boeing 767 և Boeing 757, ինչպես նաև Airbus 340, Airbus 320, Airbus 319 և Embraer 190 ինքնաթիռներ. ընդհանուր առմամբ պարկում 25 ինքնաթիռ կա:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը