Լրահոս

29.12.2010 16:51


ԱԺ օջախասեր պատգամավորները

ԱԺ օջախասեր պատգամավորները

Մշտական գործուղումների և ծանրաբեռնված ժամանակացույցի պայմաններում աշխատող Ազգային ժողովի պատգամավորները Ամանորը նախընտրում են անցկացնել ընտանիքի հետ, Հայաստանում։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ամանորը նշելու է, ինչպես միշտ, ընտանեկան միջավայրում, ընկերների հետ՝ բաժակ բարձրացնելով երկրի խաղաղության, բարգավաճման, կայուն զարգացման համար և հանուն նրա, որ մեր երկրում իշխանության լինեն պետական մտածողության տեր մարդիկ։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը հպարտ է, որ ավանդապաշտ ընտանիքի ղեկավար է։ Նա  40 տարի է, ամուսնացած է իր կնոջ հետ, Նոր տարին էլ ավանդաբար նշել է օջախում, որևէ տեղ չի գնացել։

-Նոր տարին ավանդապաշտ հայ ընտանիքը պետք է նշի իր օջախում՝ բոլոր հայկական այն ատրիբուտիկայով, որոնք վաղուց գոյություն ունեն։ Եկող տարին նապաստակի տարի է, թոռներիս համար հաստատ այդպիսի խաղալիքներ կլինեն և սովորական՝ իմ կնոջ, հարսների պատրաստած ճաշատեսակներ։ Մեր տանը շատ հյուր է լինում միշտ։ Իսկ առաջիկա Նոր տարուց միայն լավ բաներ եմ սպասում, որ բոլորս թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր առողջ լինենք,-ասել է Էռնեստ Սողոմոնյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ևս Ամանորը դիմավորելու է ընտանիքի, ծնողների հետ միասին, Երևանում։ Նրա ընտանիքում ավանդույթ է, որ այդ օրը բոլորը միասին լինեն։ Ստյոպա Սաֆարյանը ցանկանում է, որ բոլորի համար տարին հաջողակ լինի.

-Տարվա սիմվոլը ճագարն է, և ուզում եմ, որ տարվա ընթացքում այնպիսին չլինենք, ինչպիսին այդ կենդանին է։ Զերծ լինենք վախերից, և ուզում եմ, որ նոր տարվա ընթացքում մարդկանց երազանքներն իսկապես իրականություն դառնան,-մաղթել է Ս. Սաֆարյանը։

Այս տարի որևէ տեղ հանգստանալու չի մեկնելու ՀՀԿ խմբակցոըւթյան պատգամավոր Վարդան Այվազյանը։ Նա մշտապես բոլոր Ամանորներն անցկացրել է Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես Սևանում, Ծաղկաձորում և այլն։ Նա կարևորել է հայերի ավանդապաշտությունը՝ նշելով, թե ազգը նաև դրանով է առանձնանում։

Նոր տարուց Վարդան Այվազյանն ակնկալում է, որ երկրում առաջին հերթին խաղաղություն լինի, քանի որ դա առաջին անհրաժեշտ նախապայմանն է, այլապես նախատեսված ծրագրերը չեն իրականանա։ Նա կարևորել է համաձայնությունը, փոխըմբռնումը, հանդուրժողականությունը։

-Շատ ավելի շատ խնդիրներ հենց մեր մեջ են, քան արտաքինում։ Ցավոք, մենք միայն էքստրեմալ պայմաններում ենք փորձում համախմբվել։ Բնականաբար, այս ամենի հետ մի քիչ էլ հաջողություն է պետք։ Ի վերջո, բոլորին ընտանեկան երջանկություն եմ մաղթում, որովհետև ամեն ինչ ի չիք է դառնում, երբ... Տնտեսական կատեգորիայի մեջ այսպիսի մի բան կա՝ բոլոր հարկերն ի վերջո վճարում է սպառողը։ Եթե մարդ ամբողջ իր գործունեության մեջ հաջողակ է, ամեն ինչ նորմալ է, բայց գնում է, իր ընտանեկան օջախում տաքություն չի զգում, այդ ամենն ի չիք է դառնում,-նշել է Վարդան Այվազյանը։

ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի օջախում «Նոր տարին ընդունված է միշտ տանը նշել», այս տարի այն հյուրասիրության առումով ավելի ընդլայնված կլինի։

Նրա կարծիքով՝ ընտրություններով պայմանավորված՝ գործընթացները մի փոքր ավելի լարված կլինեն, նոր ուժեր կհայտնվեն, ու պայքարը սովորականից ավելի ուժեղ կլինի։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այս տարի ակնկալիքներ շատ ունի, Նոր տարին էլ նշելու է Հայաստանում, ընկերական շրջապատում, ընտանիքում։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հարցն ուղղելու պահին դեռևս չէր որոշել, թե որտեղ և ինչպես է դիմավորելու Նոր տարին՝ նշելով, որ դեռ չի հասցրել խորհրդակցել ընտանիքի անդամների հետ։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ևս Նոր տարին միշտ նշում է տանը, եթե, իհարկե, գործուղումներ չեն պատահում։

-Այս տարուց ակնկալում եմ, որ մեր վիճակը գոնե մի քիչ լավանա, այս տարին լինի մի քիչ ավելի լավը, քան անցած տարին էր, թե՛ սոցիալ–տնտեսական, թե՛ ընդհնարապես ժողովրդի ակնկալիքների առումով, որովհետև իրավիճակն իսկապես շատ մտահոգիչ է,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը