Աշխարհ

10.11.2017 20:24


Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվն աճում է

Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվն աճում է

Գերմանիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը հետզհետե մեծանում է: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը:

2017թ. հոկտեմբերին ապաստանի խնդրանքով Գերմանիային է դիմել Թուրքիայի 1.059 քաղաքացի: Սեպտեմբերին այդ թիվը կազմել է 1000, իսկ օգոստոսին՝ 962:

Հոկտեմբերի դրությամբ Թուրքիան երրորդ հորիզոնականում է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիներն ամենից շատ ապաստան ստանալու հայտեր են ներկայացրել:

Հոկտեմբերին Գերմանիայից ընդհանուր առմամբ ապաստան է խնդրել 15.170 օտարերկրացի: Այդ թիվը սեպտեմբերի համեմատ աճել է 500-ով: Տարեկսզբից մինչև հոկտեմբերի վերջ ընդհանուր առմամբ ստացվել է 156.000 ապաստանի դիմում:

2017թ. ընթացքում Գերմանիան ապաստան տրամադրելու խնդրանքով ամենաշատ հայտեր է ստացել Սիրիայից (39.519 հայտ), Իրաքից (17.644 հայտ), Աֆղանստանից (10.525 հայտ), Էրիթրեայից (8.034 հայտ):

Փախստականների հայտերը բավարարելու հարցում առավելագույն թիվ սահմանելու հարցը Գերմանիայի քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն է: Քրիստոնեական միություն կուսակցությունը (CDU-CSU) պնդում է, որ Գերմանիան մարդասիրական նպատակներով տարեկան պետք է ապաստան տա ոչ ավելի, քան 200.000 փախստականի: Որոշ բացառիկ դեպքերում թույլատրելի է համարվում նաև նշված թվից ավելի շատ փախստականներ ընդունելու հնարավորությունը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը