Աշխարհ

10.11.2017 13:56


Թուրքիան աշխարհում առաջինն է Twitter-ից բովանդակության հեռացման հայտերի թվով

Թուրքիան աշխարհում առաջինն է Twitter-ից բովանդակության հեռացման հայտերի թվով

2017թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում այս կամ այն բովանդակության հեռացման համար «Twitter»-ին ներկայացված պահանջների 45 տոկոսը (2.710 հայտ) ստացվել է Թուրքիայից:

Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել «Twitter»-ի հրապարակած զեկույցից: Այդ արդյունքով՝ Թուրքիան բովանդակության հեռացման կամ քողարկման վերաբերյալ ամենաշատ հայտ ներկայացրած երկրների ցանկում առաջին հորիզանականում է:

Նշված ժամանակահատվածում ողջ աշխարհից ստացվել է դատական որոշումների հիման վրա ներկայացված 752 և տարբեր երկրների կառավարությունների կամ ոստիկանությունների կողմից ներկայացված 5.334 հայտ:

2017թ. առաջին կեսին «Twitter»-ից բովանդակության հեռացման վերաբերյալ ստացված հայտերի ընդհանուր թիվն աճել է շուրջ 3 անգամ, իսկ դրանց հետ առնչվող անձնական հաշիվների թիվը ավլացել է 8 անգամ:

Հայտերի 90 տոկոսը ստացվել է ընդամենը 4 երկրից՝ Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Թուրքիա: Իսկ շուրջ 46 երկրից, այդ թվում՝ Ֆինլանդիայից, Լեհաստանից, Ուկրաինայից բովանդակության հեռացման հայտեր են ստացվել առաջին անգամ:

Զեկույցի համաձայն՝ նշված ժամանակահատվածում լրագրողների կամ լրատվամիջոցների թվիթերյան հաշիվներից որոշակի բովանդակություն հեռացնելու պահանջով 8 հայտ է ստացվել, որոնցից 5-ը՝ Թուրքիայից: «Twitter»-ը տեղեկացրել է նաև, որ այդ հաշիվների նկատմամբ որևէ գործողություն չի կիրառվել:

Ընկերությունը նշել է, որ նշված հայտերի հիման վրա հաշիվներից բովանդակություն հեռացնելը կարող է հակասել խոսքի ազատությանը, այդ իսկ պատճառով հայտերը չեն բավարարվել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը