Լրահոս

29.12.2010 12:39


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամանորյա ուղերձը

Սիրելի հայրենակիցներ

Նոր Տարվա նախաշեմին մեզանից յուրաքանչյուրը հետադարձ հայացք է գցում անցնող տարվան, վերլուծում կատարած աշխատանքը, բացթողումները և ծրագրում հաջորդ տարվա անելիքները:

Շարունակելով հավատարիմ մնալ իր կոչմանը' մեր զինված ուժերը 2010 թվականին պատվով են կատարել իրենց գլխավոր խնդիրը' մեր պետության պաշտպանության ապահովումը: Հետևողականորեն շարունակվել են զորքերի մարտական պատրաստության բարձրացման, անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանն ուղղված աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման, սահմանամերձ շրջանների անվտանգությունն ամրապնդելու լայնածավալ միջոցառումներ: Անցնող տարում դաշտային երթերի, շտաբային զորավարժությունների և մարզումների հետ մեկտեղ անցկացվել են օպերատիվ-մարտավարական մի շարք զորավարժություններ, որոնք լրջորեն կատարելագործել են մեր զինված ուժերի անձնակազմի տեսական և գործնական ունակությունները: Այս ամենի արդյունքում էականորեն բարձրացել է զինված ուժերի տւարբեր ստորաբաժանումների ներդաշնակման և մարտական խնդիրների կատարման աստիճանը:

2010 թվականին զգալի առաջընթաց է գրանցվել նաև հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում: Արդիականացվել և հագեցվել է բանակի նյութատեխնիկական բազան:

Ընդլայնվել է ռազմական համագործակցությունը թե ՀԱՊԿ, և թե ՆԱՏՕ-ի անդամ երկների հետ: Ռազմական համագործակցության շրջանակներում երկրի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ մասնակցել են արտերկրում կազմակերպված տարաբնույթ  զորավարժությունների: ՀՀ զինծառայողները պատվով են կատարել միջազգային անվտանգության ապահովման իրենց խնդիրները թե Կոսովոյում և թե Աֆղանստանում:

2010 թվականը զինված ուժերում հայտարարված էր ,Գիտելիքի տարիե: Այս կարգախոսին համապատասխան, ողջ տարվա ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների մասնագիտական պատրաստությանը:

Զինված ուժերում ընթացող բարեփոխումները անշրջելիորեն բարելավել են մի շարք կարևոր ոլորտների աշխատանքները, դրանց լիովին նոր որակ հաղորդել, զինված ուժերում ներդրել առաջատար չափանիշներ:

Բանակն ավելի բաց և թափանցիկ է դարձել հասարակության առջև: Ողջունելի է, որ զինված ուժերում տեղի ունեցած ինչպես դրական, այնպես էլ բացասական երևույթներն ակտիվորեն քննարկվել են հասարակության տարբեր շրջանակներում և մամուլում:

Այնուամենայնիվ, բանակում խնդիրները դեռևս շատ են, իսկ դրանց լուծումը պահանջում է բոլորիս ուշադրությունն ու նվիրումը: Պաշտպանական բարեփոխումների գործընթացը, որն ուղղված է այդ խնդիրների լուծմանը, շարունակական բնույթ է կրում' տարեցտարի առաջադրելով առավել բարձր չափանիշներ: Կարծում եմ' 2011 թվականին պաշտպանական բարեփոխումները կապահովեն այնպիսի որակական առաջընթաց, որը նոր մակարդակի կբարձրացնի զինված ուժերի մարտական վարպետության աստիճանը և միաժամանակ տեսանելի կլինի հասարակության համար:

Որպես պաշտպանության նախարար, ցանկանում եմ հավաստիացնել, որ պաշտպանական բարեփոխումների բոլոր խնդիրները կան և մնալու են իմ անմիջական ուշադրության ներքո, և մենք հասնելու ենք այն շեմին, որը կապահովի մեր ժողովրդի անվտանգ զարգացումը առաջիկա տասնամյակների համար: Այս ամենի համար պետք է ունենանք վստահություն սեփական ուժերի նկատմամբ և հավատ ապագայի հանդեպ:

Սիրելի հայրենակիցներ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ' գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն ու լավատեսություն վաղվա օրվա նկատմամբ:

Շնորհավորանքի առանձնահատուկ խոսքեր եմ ուղղում ամանորյա գիշերը մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողներին' մաղթելով նրանց տոկունություն ու խաղաղ ծառայություն, իսկ զինծառայողների ծնողներին' քաջառողջություն ու բարօրություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Այս խորագրի վերջին նյութերը