Աշխարհ

03.11.2017 11:34


«Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարաբաղյան խնդրի վրա, այն շատ հեշտությամբ կլուծվի». Էրդողան

«Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարաբաղյան խնդրի վրա, այն շատ հեշտությամբ կլուծվի». Էրդողան

Ռեջեփ Էրդողանը եկող շաբաթ հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ։

Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարաբաղյան խնդրի վրա, այն շատ հեշտությամբ կլուծվի, երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Էրդողանը նաև ասել է, որ եկող շաբաթ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ղարաբաղյան խնդիրը։

Պուտինի դիրքորոշումը չափազանց կարևոր է այս հարցում, «Սաբահ» պարբերականին հայտնել է Էրդողանն՝ Ադրբեջան կատարած այցից հետո։

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ Պուտին-Էրդողան հերթական հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել։

Հավելենք նաև, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև այսօր չկարգավորված հարցեր չկան։

Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Բաքվում հայտարարել է, որ ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին դիվանագիտական ղեկավարների եռակողմ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, սակայն այն դեռ հարցականի տակ է:

Հայտնի է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Մոսկվայում Մամեդյարովը հանդիպելու էԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, որ համանախագահները նախատեսում են նոյեմբերի կեսերին հանդիպել նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Մամեդյարովը նաև ասել էր, թե Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպման ժամանակ որոշվել է արագացնել բանակցային գործընթացը։

Հայաստանի արտգործնախարարությունն, սակայն, առայժմ չի հաստատում Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի արտգործնախարարի առաջիկա հանդիպման մասին տեղեկությունները: «Հանդիպման, դրա վայրի և ժամկետների մասին վերջնական պայմանավորվածության առկայության դեպքում այդ մասին նախապես կտեղեկացնենք», - «Ազատության»-ն ասել է արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք, վերջին անգամ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են հոկտեմբերի 16-ին՝ Ժնևում։ Բանակցություններից ժամեր անց հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահը հայտարարել էր. - «Եվ՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես խորապես շահագրգռված ենք, որ լարվածությունը թուլանա»։

Հավելենք նաև, որ հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը