Աշխարհ

02.11.2017 07:14


Վրացական լարին եվրոյի նկատմամբ ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել

Վրացական լարին եվրոյի նկատմամբ ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել

Վերջին շաբաթվա ընթացքում լարին դոլարի հանդեպ արժեզրկվել է 7 թեթրիով, իսկ եվրոյի հանդեպ վրացական ազգային արժույթը հասել է պատմական մինիմումին. պաշտոնական փոխարժեքն այսօր գերազանցել է 3 լարին 1 եվրոյի դիմաց:

Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենեթաձեն հակված է համարել, որ դա կարճաժամկետ գործընթաց է, «կարճաժամկետ անկայունության հետ կապված իրավիճակն անհնար է մեկնաբանել»: Նրա խոսքով, երկրի հիմնական տնտեսական ցուցանիշները բարելավվել են, իսկ փոխարժեքի ձևավորման վրա ազդում են տարբեր գործոններ, այդ թվում՝ շուկայական սպասումները:

Գվենեթաձեն ընդգծել է նաև, որ ազգային արժույթի փոխարժեքը լողացող է և բնութագրվում է մեկ ամրապնդմամբ, մեկ արժեզրկմամբ:

Լարիի փոխարժեքի անկմանը բերած արտաքին և ներքին գործոնների մասին խոսելիս իշխանության ներկայացուցիչներն ու անկախ փորձագետները կատարվածի տարբեր պատճառներ են նշում:

Առաջինը նախընտրական փուլի հետ կապված սպասումներն են: «Վրաստանում գործում են ձևավորված կարծրատիպեր, որոնց համաձայն՝ ընտրություններից հետո լարիի փոխարժեքը պետք է ընկնի, և ընտրական փուլից հետո աճում է դոլարի պահանջարկը»,-ասում է փորձագետ Լևան Քալանդաձեն:

Լարիի արժեզրկման մեկ այլ պատճառ է սեզոնայնությունը: Քանի որ Վրաստանը ներկրումային կողմնորոշում ունեցող երկիր է, կազմակերպիչ-ներկրողները ձգտում են նոյեմբերին լրացնել պահուստները: Դրա հետևանքով այս փուլում նրանք ավելի շատ արտարժույթ են գնում, քան սովորաբար:

Փորձագետների մի մասն ու ընդդիմությունը լարիի փոխարժեեքի անկումը բացատրում է կառավարության սխալ քաղաքականությամբ և ուշադրություն է հրավիրում դրամական քաղաքականության փոփոխության անհրաժեշտության վրա:

Լարիի արժեզրկումը դարձել է սոցցանցերի գլխավոր թեման.

«Վախենում եմ յուրաքանչյուր նոր օրվանից»։

«Ազգային բանկի նախագահը ծուլանում է բացատրել լարիի փոխարժեքի անկման պատճառները, իսկ ես պետք է ողջ աշխատավարձովս վարկ փակեմ»։

«Ընտրություններն անցան, այժմ մինչև հաջորդ ընտրությունները ծախսերի տեղը պետք է հանեն»,-գրում են Ֆեյսբուքի օգտատերերը:

19952-ի հոկտեմբերին լարին պաշտոնապես հայտարարվեց միակ օրինական վճարային միջոցը: 1995թ-ի հոկտեմբերի 25-ին հաստատվեց պաշտոնական փոխարժեքը՝ 1.3 լարի 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Վրացական լարին այսպես կոչված ազատ փոխարժեք ունի: Դա նշանակում է, որ փոխարժեքը չի ձևավորվում և չի կառավարվում կառավարության և Ազգային բանկի կողմից:

Վերջին 4 տարվա ընթացքում լարին զգալիորեն արժեզրկվել է: Առաջին զգալի անկումը սկսվեց 2013թ-ի վերջին: Այն ժամանակ 1 դոլարը 1.66 լարի արժեր: Լարիի արժեզրկման նոր ալիքը տեղի ունեցավ 2016թ-ի աշնանը՝ 2.28 լարի մեկ դոլարի դիմաց, իսկ նույն տարվա դեկտեմբերի 22-ին լարիի փոխարժեքը հասավ իր պատմական նվազագույնին՝ 2.78 լարի մեկ դոլարի դիմաց:

2017թ-ի սկզբին կառավարությունը փորձեց կանգնեցնել ազգային արժույթի փոխարժեքը՝ գործարկելով այսպես կոչված «լարիացման» ծրագիրը, որը զգալիորեն բարձրացրեց լարիի դերն ազգային տնտեսությունում: Առաջին հերթին, դա արտահայտվում է վարկերի ոլորտում: Բանկերը հիմնականում վարկեր են տրամադրում լարիով:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը