Աշխարհ

01.11.2017 16:12


Ալիևը և Ռոհանին քննարկել են ԼՂ հակամարտությունը

Ալիևը և Ռոհանին քննարկել են ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպում են ունեցել Թեհրանում և քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ մասին հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից:

Ալիևն Իրանի նախագահին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին:

Նրանք նաև քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հեռանկարը, անդրադարձել տարածաշրջանային, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցերի:

Նախագահները նաև վստահություն են հայտնել Բաքու-Թեհրան-Մոսկվա եռակողմ ձևաչափով հաջող համագործակցության հարցում:

Հիշեցնենք, որ Թեհրանում այսօր հանդիպելու են Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը։

Այսօր Թեհրանում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքական, տնտեսական, մշակութային և մարդասիրական ասպարեզներում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի համագործակցության հրատապ հարցեր։

Օրակարգի հիմնական թեմաներից է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետագա զարգացումը։

Օրակարգում է լինելու համագործակցությունը տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում։ Երեք երկրների նախագահները քննարկելու են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր։

Նշենք, որ Պուտինն առանձին հանդիպում կունենա Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի և Հասան Ռոհանիի հետ։

Նախատեսվում է նաև Պուտինի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ։

Սա Պուտին-Ալիև առաջին հանդիպումն է Ժնևում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպումից հետո։ Երկու շաբաթից՝ նոյեմբերի 15-ին Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի նախագահի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը