Աշխարհ

01.11.2017 14:31


Թուրքիան դառնում է միանման բեղավորների պետություն․ Փայլանը ծաղրել է Էրդողանի հորդորով բեղ պահողներին

Թուրքիան դառնում է միանման բեղավորների պետություն․ Փայլանը ծաղրել է Էրդողանի հորդորով բեղ պահողներին

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բյուջեի քննարկումներին խիստ քննադատության է ենթարկել խորհրդարանի նախագահին եւ անդրադարձել Էրդողանի օրինակով բեղ պահողներին։

Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանին մեղադրել է բացառապես կուսակցական շահերով առաջնորդվելու, ոչ թե խորհրդարանի բոլոր պատգամավորների նախագահի պարտականությունն իրականացնելու համար։ Կարո Փայլանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բյուջեի հանձնաժողովի բոլոր անդամները տղամարդիկ են։

«Ձեր ասած պետությունը տղամարդկանց պետություն է դարձել։ Վերջին երկու տարում նոր զարգացում եմ տեսնում։ Պետությունը դառնում է միանման բեղ պահողների պետություն։ Կարծես թե իշխանավորներն ու պատգամավորները պարտավորվածություն են զգում բեղ պահելու։ Եթե երկու տարի առաջ խորհրդարանում բեղ ունեցողների թիվը 5-ից 10 տոկոս էր, ապա ներկայում այդ թիվն անցնում է 90 տոկոսը»,-ասել է Փայլանը։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանը կուսակիցներին ակնարկել էր բեղեր պահել, որից հետո իշխող կուսակցության պատգամավորներն ու պաշտոնյաները սկսել են բեղեր պահել։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը