Աշխարհ

31.10.2017 18:21


Չեմպիոնների լիգա. օրվա խաղերի անոնս

Չեմպիոնների լիգա. օրվա խաղերի անոնս

Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի 8 հանդիպումներ, որոնք կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։45-ին։

A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)-«Բենֆիկա» (Պորտուգալիա)

Մրցաշարում պորտուգալական ակումբը պարտվել է վերջին չորս խաղերում։ Իր հերթին մանչեսթերցիները հաղթել են բոլոր երեք խաղերում և միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ «Կարմիր սատանաները» լիսաբոնցիների հետ վերջին երեք տնային խաղերում նվազագույնը խփել են երկու գնդակ։ «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցակցին չի պարտվել վերջին 5 հանդիպումներում։

Հավանական կազմեր.

Սպասվում է, որ տանտերերի մեկնարկային կազմում չի լինի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Բայի, Ջոնս, Դարմիան, Մատիչ, Էրերա, Մատա, Լինգարդ, Մարսիալ, Լուկակու

«Բենֆիկա». Սվիլար, Դուգլաս, Սամարիս, Դիաշ, Գրիմալդո, Սալվիո, Պիցի, Ֆեյսա, Գոնսալվեշ, Ժոնաս, Խիմենես

Խմբի մյուս խաղում շվեյցարական «Բազելը» հյուրընկալելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Առաջին խաղում Շվեյցարիայի չեմպիոնը հաղթել էր 2։0 հաշվով։

B խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա)-«Անդերլեխտ» (Բելգիա)

Բելգիական ակումբը չի կարողանում գոլի հեղինակ դառնալ մրցաշարի վերջին չորս խաղերում, որոնցում «Անդերլեխտը» պարտվել է։ Վերջին երեք խաղերում բելգիացիները բաց են թողել նվազագույնը երեք գնդակ։ ՊՍԺ-ն ընթացիկ մրցաշարում անառիկ է պահել սեփական դարպասը։

«Սելթիկ» (Շոտլանդիա)-«Բավարիա» (Գերմանիա)

Գլխավոր մարզչի պաշտոնում Յուպ Հայնկեսի նշանակումից հետո Գերմանիայի չեմպիոնը չափազանց վստահ խաղ է ցուցադրում։ Թիմերի միջև առաջին խաղում մյունխենցիները երեք անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը։

C խումբ

«Ռոմա» (Իտալիա)-«Չելսի» (Անգլիա)

Հռոմում կկայանա օրվա ամենակենտրոնական խաղերից մեկը։ «Չելսին» Չեմպիոնների լիգա վերադառնալուց հետո գոլի հեղինակ է դառնում նվազագույնը երկու անգամ յուրաքանչյուր խաղում։

Հավանական կազմեր.

«Ռոմա». Ալիսոն, Բրունո Պերես, Ֆասիո, Ժուան Ժեզուս, Կոլարով, Նայնգոլան, Դե Ռոսի, Ստրոտման, Ֆլորենցի, Ջեկո, Պերոտի

«Չելսի». Կուրտուա, Ռյուդիգեր, Լուիս, Կեյհիլ, Ասպիլիկուետա, Ֆաբրեգաս, Բակայոկո, Ալոնսո, Պեդրո, Ազար, Մորատա

«Աթլետիկո» (Իսպանիա)-«Ղարաբաղ» (Ադրբեջան)

Նախորդ տուրի ամենասենսացիոն արդյունքը գրանցվել էր Բաքվում, որտեղ մադրիդցիները չէին կարողացել հաղթել խմբի հետնապահ Ադրբեջանի չեմպիոնին։ Դիեգո Սիմեոնեի թիմը նահանջելու տեղ չունի և ամեն ինչ պետք է անի երեք միավոր վաստակելու համար։ Հակառակ դեպքում իսպանական ակումբը գրեթե կզրկվի փլեյ-օֆ դուրս գալու շանսերից։

D խումբ

«Սպորտինգ» (Պորտուգալիա)-«Յուվենտուս» (Իտալիա)

Թիմերի միջև առաջին խաղում Իտալիայի չեմպիոնը կամային հաղթանակ էր տարել՝ երկրորդ գնդակը խփելով միայն վերջին րոպեներին։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմի համար շատ կարևոր կլինի Պորտուգալիայից հեռանալ նվազագույնը մեկ միավորով։

«Օլիմպիակոս» (Հունաստան)-«Բարսելոնա» (Իսպանիա)

Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» հաղթարշավը կազմում է երեք խաղ, իսկ հունական ակումբի դեպքում ամեն ինչ հակառակն է։ Վերջին երեք խաղերում տանտերերը բաց են թողնում նվազագույնը երկու գնդակ։

Կատալոնական ակումբին չեն կարողանա օգնել Ժերար Պիկեն, Անդրես Ինյեստան, Ռաֆինյան և Ուսման Դեմբելեն։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը