Աշխարհ

31.10.2017 16:48


Թուրքիայում ԱՄՆ-ին պատկանող B61 տեսակի 50 միջուկային ռումբ է տեղակայված

Թուրքիայում ԱՄՆ-ին պատկանող B61 տեսակի 50 միջուկային ռումբ է տեղակայված

2017թ. դրությամբ աշխարհի 14 երկրներում գտնվող 107 կենտրոններում 15.000 միջուկային զենք է տեղակայված: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ- TBMM) հետազոտական ծառայությունների վարչության անցկացրած հետազոտության արդյունքում:

Նշյալ վարչությունը միջուկային զենքերի վերաբերյալ հատուկ զեկույց է հրապարակել, համաձայն որի նշված 15.000 զենքից շուրջ 9.400-ը ռազմական նպատակով օգտագործման համար ներառված են զինանոցներում, իսկ մնացածը սպասում են իրենց ոչնչացման հերթին: Զինանոցներում տեղ գտած միջուկային զենքերից 4.150-ը մարտական վիճակում են և ամեն պահ կարող են գործի դրվել, իսկ 1.800-ը՝ ամեն պահ կարող են բերվել մարտական վիճակի:

Համաշխարհային մաշստաբով միջուկային զենքի ամենամեծ պաշարները՝ շուրջ 93 տոկոսը, պատկանում են Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Բացի այս երկրներից՝ միջուկային զենք ունեն ևս 7 երկրներ՝ Անգլիան, Ֆրանսիան, Չինաստանը, Իսրայելը, Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան:

ԹԱՄԺ-ի զեկույցում արձանագրվել է նաև, որ միջուկային զենք կա տեղակայված նաև Թուրքիայի տարածքում: Թուրքիայում այդ զենքերը տեղակայվել են 1960-ականների սկզբին՝ 1950-ականների վերջին Վաշինգտոնի և Անկարայի միջև իրականացած բանակցությունների արդյունքում: Այդ զինատեսակների մի մասը, օրինակ՝ B61 տիպի ռումբերը, մինչև օրս պահպանվում են Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում: Ենթադրվում է, որ Թուրքիայում տեղակայվել է շուրջ 50 հատ B 61 տեսակի միջուկային ռումբ: Իսկ օրինակ Յուպիտեր տեսակի հրթիռները Թուրքիայում պահվել են միայն 1961-1963թթ.:

Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի անդամ 5 երկրներում՝ Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Թուրքիայում տեղակայված 6 ռազմաբազաներում ԱՄՆ-ին պատկանող 150 միջուկային զենք է պահվում:

Հրապարակաված տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանն ունի 7000, ԱՄՆ-ը՝ 6.800, Ֆրանսիան՝ 300, Չիանաստանը՝ 260, Անգլիան՝ 215, Պակիստանը՝ 130, Հնդկաստանը՝ 120, Իսրայելը՝ 80, Հյուսիսային Կորեան՝ 10 միավոր միջուկային զենք:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը