Աշխարհ

29.10.2017 20:32


Զորակոչ, թե՞ առևանգում. Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին ստիպողաբար զորակոչել են բանակ

Զորակոչ, թե՞ առևանգում. Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին ստիպողաբար զորակոչել են բանակ

Հոկտեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ընդդիմադիր ակտիվիստ, NİDA քաղաքացիական շարժման անդամ Ուլվի Հասանլիին (Ülvi Həsənli) զորակոչել են բանակ՝ չնայած ունեցած առողջական խնդիրներին և զինվորական ծառայությունից ազատված լինելուն: Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը:

Ընդդիմադիր ակտիվիստը հայտնել է Meydan TV-ին, որ հոկտեմբերի 26-ին իրեն ձերբակալել են ռազմական ոստիկանության աշխատակիցները և ստիպողաբար տարել են Ադրբեջանի մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայություն:

Աղբյուրը նշում է, որ Հասանլին բժշկական հետազոտություն է անցել Ադրբեջանի մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունում 2016-ի սեպտեմբերին և 2017-ի սկզբին: Ռևմատիզմի և երիկամների հիվանդության պատճառով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից մինչև 2019 թվականը:

Ակտիվիստը հայտնել է, որ իրեն տարել են ստուգման և նույնիսկ չեն թույլատրել, որ ծնողներին տեսնի՝ միանգամից տարել են ծառայության և նույնիսկ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու մասին ծանուցագիր չեն ուղարկել:

Հասանլիի փաստաբան Էլչին Սադիկովը հայտարարել է, որ ակտիվիստի հանդեպ կատարվածը հանցագործություն է, այլ ոչ թե բանակ զորակոչում, իշխանությունները Հասանլիին փաստացիորեն առևանգել են: Փաստաբանը նաև հայտնել է, որ եթե երիտասարդի իրավունքները չվերականգնվեն, ապա այդ հարցով կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ NİDA շարժումը ստեղծվել է 2011-ի փետրվարին Բաքվում մի խումբ երիտասարդների կողմից: Ներկայում շարժման մի շարք անդամներ բանտարկված են:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը