Աշխարհ

27.10.2017 17:42


Վրաց ֆուտբոլիստի՝ ավագի թևկապը սկանդալ է առաջացրել

Վրաց ֆուտբոլիստի՝ ավագի թևկապը սկանդալ է առաջացրել

ԼԳԲՏ գույներով թևկապը երկպագուներին երկու ճամբարի է բաժանել. մի մասն աջակցում է Գուրամ Կաշիային, մյուսները պահանջում են նրան հավաքականից դուրս թողնել

Հոլանդական «Վիտես» ակումբի լեգիոներ, Վրաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Գուրամ Կաշիան խոշոր սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ ավագի ԼԳԲՏ դրոշի տեսքով թևկապի պատճառով: Ֆուտբոլիստը համերաշխություն և աջակցություն է հայտնել սեռական փոքրամասնություններին:

«Ես ազատության կողմնակից եմ և դեմ եմ բռնությանը: Ես աջակցություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք ոչ ոքի չեն վնասում: Այդպիսին են իմ հայացքները»,-հայտարարել է 30-ամյա ֆուտբոլիստը նիդերլանդական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ:

Դաշտում ԼԳԲՏ թևկապով վրացի ֆուտբոլիստի հայտնվելը հարուցել է վրացի ֆուտբոլասերների պահպանողական հատվածի վրդովմունքը: Կաշիային քննադատում են սոցցանցերում վրացական իդեալներին, ավանդույթներին դավաճանելու համար և պահանջում նրան դուրս թողնել ազգային հավաքականից: Սկանդալը լուսաբանել են վրացական հեռուստաալիքերը, թեմային անդրադարձել են միանգամիմց մի քանի թոք-շոուների ընթացքում:

«Իմ երկրում դժվար է բացատրել կատարվածը, շատերը պարզապես չեն հասկանում, հատկապես ֆուտբոլասերները: Իմ ֆեյսբուքյան էջում մի քանի հոգի քննադատել էր ինձ, սակայն ես չեմ պատրաստվում ուշադրություն դարձնել նրանց վրա: Ես չեմ փոշմանում իմ արարքի համար: Ես այն արել եմ լիակատար պատասխանատվությամբ: Ինձ համար մեկ է, թե ով ինչ է անում և ինչպես է ապրում, գլխավորը, որ մարդ չվնասի շրջապատող մարդկանց: Թե չէ, թող ամեն ոք լինի այնպիսին, ինչպիսին իրականում է»,-քննադատությանը պատասխանում է ֆուտբոլիստը:

Երկրպագուների արձագանքը

«Քանի դեռ Կաշիան խաղում է մեր հավաքականի համար, ոտք չեմ դնի մարզադաշտում»;

«Կաշիան գեյերին է պրոպագանդում»;

«Ինչով էլ զբաղվես, չի կարելի մոռանալ, որ վրացի ես: Պատիվը պետք է պահել»;

«Կաշիային պետք է վտարել վրացական ֆուտբոլից»:

Այսպիսի գրառումներ են թողնում Ֆեյսբուքի վրացի օգտատերերը:

Սակայն երկրպագուների մի մասն աջակցում է Գուրամ Կաշիային՝ լիովին արդարացնելով նրա արարքը:

«Կաշիան իսկական տղամարդ է, respect»;

«Վերջապես վրացի մարզիկներն էլ սկսեցին արժանի գործերով աչքի ընկնել»;

«Կաշիան նախադեպ է ստեղծել: Բոլոր մարզիկները պետք է նրա օրինակին հետևեն: Ես ամբողջությամբ Գուրամի կողմից եմ»

Սա Գուրամ Կաշիայի կողմնակիցների գրառումներն են:

Մարզիկների արձագանքը

Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն արձագանքել է կատարվածին՝ հայտարարելով, որ չի կարելի սեռական կողմնորոշման հատկանիշով խտրականություն թույլ տալ:

«Ես չգիտեմ, թե ով ինչ հայտարարություններով է հանդես եկել: Նշեմ, որ մեր երկրում մեր իշխանության ժամանակ (նկատի ունի «Վրացական երազանքը») հակախտրական օրենք է ընդունվել: Շատ կարևոր եմ համարում ինքնաարտահայտման ազատությունը: Մենք ապրում ենք ազատ ժողովրդավարական երկրում, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայացքներն արտահայտելու՝ անկախ ազգությունից, դավանանքից և սեռական կողմնորոշումից»,-հայտարարել է Կախա Կալաձեն «Նեթգազեթիին» տված հարցազրույցում:

Գուրամ Կաշիային աջակցություն է հայտնել նաև Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Զվիադ Սիչինավան: Նրա խոսքով, Գուրամ Կաշիան «Վիտես» ակումբի անդամ է և հետևում է ՈւԵՖԱ-ի նորմերին:

«Մարդիկ միմյանց պետք է հարգանքով և սիրով վերաբերվեն և չպետք է միմյանց նվաստացնեն միայն նրա համար, որ ոչ բոլորն են միանման»,-գրում է Սիչինավան Ֆեյսբուքում:

Ֆեյսբուքյան իր էջում և Ինստագրամում ի աջակցություն Կաշիայի լուսանկարներ է հրապարակել նաև Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Լևան Կոբիաշվիլին:

Կաշիայի հետ համերաշխություն են հայտնել նաև Վրաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստները:

«Կաշոյի հետ (ֆուտբոլիստի մականունը) ծանոթ եմ 15-16 տարի: Բացի այն, որ նա հիանալի ֆուտբոլիստ է, նա նաև արտակարգ, կարգին մարդ է: Նրան քննադատողները չեն հասկանում, որ այդպիսի թևկապ կրելը պրոպագանդա չէ: Անընդունելի է ցանկացած ագրեսիա, որը կապված է սեռական կողմնորոշման, ռասայի, սեռի հետ: Գուրամը համերաշխություն է հայտնել ԼԳԲՏ ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր ագրեսիայի զոհ են դարձել: Ամբողջությամբ կիսում եմ Գուրամի դիրքորոշումը»,-հայտարարել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Գիորգի Մերեբաշվիլին:

Վրաստանում փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականությունը շարունակում է խնդիր մնալ

Գուրամ Կաշիայի ներգրավումը ԼԳԲՏ համայնքի իրավունքների պատպանության արշավին ողջունում են նաև Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող կազմակերպությունները: Իրավահավասարության համար շարժումը շատ դրական է գնահատում թիմի ավագի քաջ քայլը: Այդ կազմակերպութան հայտարարության համաձայն՝ նման ժեստերը կարևոր են նրանով, որ կարող են ստիպել ֆուտբոլասերների բազմահազարանոց բանակներին մտածել այդ խնդրի շուրջ, և նման արարքներն առավել կարևոր են այնպիսի երկրներում, ինչպիսին է Վրաստանը, որտեղ ուժեղ են հոմոֆոբ տրամադրությունները:

2014թ-ին Վրաստանը, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին, հակախտրական օրենք է ընդունել, ինչը գրեթե դա բացառիկ դեպք է դարձնում հետխորհրդային տարածքում: Սակայն այնուամենայնիվ երկրում բավականին ուժեղ են հոմոֆոբ տրամադրություններն ու դա լուրջ խնդիր է Վրաստանի համար:

Որոշ վրացի քաղաքական գործիչներ և հոգևոր անձինք ոչ թե քննադատում և պայքարում են հոմոֆոբիայի դեմ, այլ, ընդհակառակը, թեժացնում են իրավիճակն ու հովանավորում միասեռականների հանդեպ ագրեսիվ տրամադրվածներին:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը