Աշխարհ

26.10.2017 21:40


Հիլարի Քլինթոնի շտաբը պատվիրել է «կեղծ դոսյե»՝ Թրամփին վարկաբեկելու համար․ The Washington Post (տեսանյութ)

Հիլարի Քլինթոնի շտաբը պատվիրել է «կեղծ դոսյե»՝ Թրամփին վարկաբեկելու համար․ The Washington Post (տեսանյութ)

Միացյալ Նահանգներում նախագահական վերջին ընտրությունների շուրջ ծագած սկանդալը նոր թափ է ստացել մամուլի այն հրապարակումներից հետո, ըստ որոնց՝ դեմոկրատական ճամբարը միլիոններ է ծախսել՝ Դոնալդ Թրամփին «սևացնելու» համար:

The Washington Post-ի՝ այս շաբաթ հրապարակած հետաքննությունը փաստում է՝ իրականում դեմոկրատական ճամբարը, մասնավորապես, նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբն է ֆինանսավորել ընտրություններից անմիջապես հետո երևան եկած այն հայտնի զեկույցի պատրաստումը, համաձայն որի՝ ռուսական կողմն իբր Դոնալդ Թրամփին վարկաբեկող որոշակի նյութերի է տիրապետում՝ նրան շանտաժի ենթարկելու համար:

Առանց որևէ ապացույց ներկայացնելու, լրատվամիջոցներն ամիսներ շարունակ գրում էին ինչ-ինչ տեսանյութերի մասին, որոնք իբրև թե արվել են տարիներ առաջ մոսկովյան հյուրանոցներից մեկում: Հետագայում այդ հաղորդումների հիման վրա ԱՄՆ օրենսդիր և իրավապահ մարմինները հետաքննություն սկսեցին՝ ռուսների հետ նախագահ Թրամփի և նրա մերձավոր շրջապատի կապերն ուսումնասիրելու համար: Դեմոկրատները մինչ օրս պնդում են, թե Թրամփի դեմ պատրաստված այդ դոսյեն ֆինանսավորել է մի ազդեցիկ հանրապետական գործիչ, ով իբրև թե դեմ է եղել կուսակցության կողմից Դոնալդ Թրամփի թեկնածության առաջադրմանը:

The Washington Post-ի հետաքննությունը, մինչդեռ, փաստում է՝ նյութերի հավաքագրումն իսկապես սկսվել է Թրամփի ընդդիմախոս հանրապետականների կողմից: Սակայն հետո, երբ միլիարդատեր Թրամփն, այդուամենյանիվ, հաղթել է ներկուսակցական պայքարում, հանրապետականնները կորցրել են այդ թեմայի հանդեպ հետաքրքրությունը: Դրանից հետո արդեն գործի են անցել դեմոկրատները՝ կլորիկ գումարներ վճարելով Թրամփի դեմ ուսումնասիրությունները շարունակելու համար:

ԱՄՆ նախագահի արձագանքը The Washington Post-ի հրապարակմանը չի ուշացել: «Տվյալ պարագայում զոհը ես եմ»,- «Թվիթերում» գրել է Սպիտակ տան ղեկավարը: Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, նա կոշտ քննադատության է ենթարկել դեմոկրատներին: «Ուղղակի շատ ամոթ է այն, ինչ նրանք արել են այդ կեղծ դոսյեի հետ կապված: Այն հորինված էր սկզբից մինչև վերջ, և որքան հասկանում եմ՝ դրա համար դեմոկրատները հսկայական գումար են վճարել: Հիլարի Քլինթոնը շարունակ հերքում էր այդ փաստը, դեմոկրատները հերքում էին: Սա ուղղակի խայտառակություն է, որն ի ցույց է դնում այս երկրում վարվող քաղաքականության տխուր պատկերը»,- ասել է Թրամփը: Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն էլ, իր հերթին, «Թվիթերում» նշել է. «Ուզու՞մ եք իսկական սկանդալային պատմություն լսել Ռուսաստանի մասին՝ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը վճարել է կեղծ դոսյեի համար, հետո ստել է դրա մասին ու փորձել թաքցնել այդ փաստը»:

Կրքերն էլ ավելի թեժացան, երբ հաղորդվեց, որ Թրամփի դեմ նյութեր հավաքագրած Fusion GPS իրավաբանական ընկերությունը կտրականապես հրաժարվում է բացահայտել, թե ով է եղել պատվիրատուն: Ընկերության ղեկավարներն անուններ չեն նշել անգամ Կոնգերսում՝ փակ դռների ետևում անցած շաբաթ կայացած ու ավելի քան 10 ժամ շարունակված լսումների ժամանակ՝ հղում անելով Սահմանադրությանը, ըստ որի, յուրաքանչյուր ոք կարող է հրաժարվել իր դեմ վկայություններ տալուց:

Հանրապետականներն այժմ փորձում են դատական կարգով հարկադրել բանկին՝ տեղեկություններ հրապարակել ընկերության այն հաշվեհամարների մասին, որոնց վրա գումարներ են փոխանցվել: Մինչ այդ իրավական հարցերով զբաղվող կազմակերպություններից մեկը՝ Campaign Legal Center-ն է բողոք ներկայացրել՝ Դեմոկրատական կուսակցությանն ու Հիլարի Քլինթոնի նախընտրևական շտաբին մեղադրելով ընտրական օրենքները խախտելու մեջ: Ամերիկյան օրենսդրության համաձայն, թեկնածուների շտաբերն ու կուսակցությունները պարտավոր են հրապարակել տվյալներ՝ իրենց կատարած վճարումների չափերի և հասցեատերերի մասին:

Դեմոկրատների ընդդիմախոսները շտապում են արձանագրել՝ այդ դոսյեն Հիլարի Քլիթոնի «ամենակեղտոտ քաղաքական հնարքն էր»: «Հիմա արդեն պարզ է, թե ինչպես էր այդ թղթապանակը հայտնվել այդչափ շատ լրագրողների ձեռքում: Քլինթոնի շտաբն այդ նյութերը բաժանում էր Հելոուինի կոնֆետների պես»,- այսօր գրել է աջակողմյան «Նյու Յորք փոստը»:

Ինքը՝ նախկին պետքարտուղար, դեմոկրատական ճամբարի նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնը Թրամփի դեմ դոսյեին անդրադարձել է վերջերս հրապարակած՝ «Ինչպես դա տեղի ունեցավ» վերտառությամբ գրքում, որում պնդել է, թե նյութերը կազմել է բրիտանացի հատուկ ծառայությունների նախկին հարգարժան աշխատակիցը: Քլինթոնը, սակայն, որևէ բառ չի նշել պատվիրատուների ու ֆինանսավորման վերաբերյալ:

Նախկին պետքարտուղարի աջակիցները նշում են՝ գուցե նա տեղյակ էլ չի եղել մանրամասներին, գուցե ենթականերն են մոլորեցրել նրան կամ գաղտնի պահել տվյալները: Թերահավատները, մինչդեռ, հակադարձում են՝ դժվար թե Հիլարի Քլինթոնն անուշադրության մատներ մի ուսումնասիրություն, որի համար միլիոնավոր դոլարներ են վճարվել:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը